Հայ պատանի երաժիշտների համերգային շրջագայությունը Լիբանանում

Նոյեմբերի 10-17-ը Լիբանանում ՀՀ դեսպանության և Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց (ՍԷԿՏ) համախմբման համատեղ կազմակերպմամբ, Լիբանանում տեղի ունեցավ «Հայաստանի նոր անուններ» նվագախմբի պատանի երաժիշտների համերգային շրջագայությունը՝ նվիրված Երևանի 2800 ամյակին։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիբանանում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար Վլադիմիր Պողոսյանը, պատանի 9 երաժիշտները` ՀՀ մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանի և ծրագրի գործավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանի ղեկավարությամբ, իրենց կատարումներով հանդես եկան հայ և արաբ հանդիսատեսի առջև՝ Բուրջ Համուդի Հովհաննես Պողոսյան թատերասրահում, Հայկազյան համալսարանում և Կասլիկի Սուրբ Հոգու Համալսարանում (USEK)։

ՀՀ դեսպանության և ՍԷԿՏ համախմբման աջակցությամբ խումբն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Զմմառի պատրիարքական միաբանություն, Բիբլոսում գտնվող «Թռչնոց բույն» մանկատուն և Արամ Բեզիկյանի անվան Հայոց ցեղասպանության թանգարան, Այնճար՝ ծանոթանալու լիբանանյան և լիբանանահայ մշակութային հարուստ ժառանգությանն ու պատմությանը։

Նվագախմբի եզրափակիչ համերգը կազմակերպվեց լիբանանահայ դպրոցների շուրջ 800 աշակերտների համար՝ Բուրջ Համուդի Հովհաննես Պողոսյան թատերասրահում: Համերգին ներկա էր նաև Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը։ Դեսպան Մկրտչյանը բարձր գնահատեց հայ պատանիների փայլուն մասնակցությունը նման կարևոր մշակութային միջոցառմանը՝ շեշտելով, որ հայ երաժշտարվեստը միշտ էլ ունեցել է իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային երաժշտության ասպարեզում։ Դեսպանը նորանոր հաջողություններ մաղթելով տաղնադավոր երաժիշտներին՝ նկատեց, որ ներկա սերունդը արժանիորեն շարունակում է մեր մեծերի նվիրական առաքելությունը՝ բարձր պահելով հայկական մշակույթի դիրքերը միջազգային բեմերում։

Scroll Up