«Քեզ համար Ազնավուր» խորագրով հիշատակի երեկո Լիբանանում

Նոյեմբերի 17-ին ՀԲԸՄ Լիբանանի շրջանակային հանձնաժողովի և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանավորությամբ ՀԲԸՄ Դեմիրճյան կենտրոնում տեղի ունեցավ ՀԲԸՄ Խոսնակ պաշտոնաթերթի, ՀԲԸՄ-ՀԵԸ Անդրանիկ մշակութային միության և Լիբանանի Ֆրանսիական մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված «Քեզ համար Ազնավուր» խորագրով հիշատակի երեկո՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիբանանում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար Վլադիմիր Պողոսյանը, միջոցառմանը ներկա էին Լիբանանի ներկա և նախկին պատգամավորներ, Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչներ, Լիբանանի հայ հոգևոր, քաղաքական, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Երեկոյի ընթացքում ներկայացվեց մեծ հայի, տաղանդավոր երգչի, երաժշտի, բանաստեղծի, դիվանագետի կյանքն ու գործունեությունը, այնուհետև երգիչները և երաժիշտները կատարեցին Շառլ Ազնավուրի երգացանկից մի քանի ստեղծագործություն: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, որը անչափ բարձր գնահատեց աշխարհահռչակ արվեստագետի վաստակը` շեշտադրելով նրա յուրահատուկ բեմական և կատարողական արվեստը, խորիմաստ լիրիկան, յուրաքանչյուր կատարման նորովի մատուցումը: Նա համոզմունք հայտնեց, որ նրա ստեղծագործությունները, վստահաբար, դեռ երկար պետք է ապրեն և հիացնեն երաժշտասեր հասարակայնությանը աշխարհի տարբեր անկյուններում:

Տեղեկանք. Լիբանանում աշխարհահռչակ շանսոնյեին նվիրված միջոցառումները մեկնարկեցին նոյեմբերի 15-ից: Շառլ Ազնավուրի երգերը հնչեցին տարբեր բեմերից՝ ի հիշատակ մեծ հայի ու արվեստագետի:

Լիբանանի Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ և նախագահ Միշել Աունի բարձր հովանու ներքո կազմակերպվեց «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգ՝ Սուրբ Հովսեփ եկեղեցում: Լիբանանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ ելույթ ունեցան հայ և լիբանանցի երգիչները:

Ազնավուրյան երեկոները Լիբանանի այլ քաղաքներում կշարունակվեն նաև հայկական կառույցներից դուրս, հայտնի արաբ կատարողները կներկայացնեն Ազնավուրի սիրված երգերը:

Scroll Up