Սփյուռքի նախարարության թիմը 5:1 հաշվով հաղթել է կրթության և գիտության նախարարության թիմին

«ՎՏԲ-Հայաստան» բանկի կողմից նախաձեռնված «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում նոյեմբերի 11-ին կայացան առաջին հանդիպումները: B  խմբում ընդգրկված ՀՀ սփյուռքի նախարարության թիմը մրցեց կրթության և գիտության նախարարության թիմի հետ:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, համառ պայքարում 5:1 հաշվով հաղթանակ տարավ  սփյուռքի նախարարության թիմը (մարզիչ՝ նախարարության Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյան): Գոլերի հեղինակներ են դարձել սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը (2 գոլ), Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը (1 գոլ), նախարարի վարորդ Տիգրան Մազմանյանը (2 գոլ):

Հավելենք, որ նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 6-ը անցկացվող մրցաշարին մասնակցում են 8 նախարարությունների թիմեր: Խաղերը տեղի են ունենում «Դինամո» մարզադահլիճում:

Սփյուռքի նախարարության թիմի հաջորդ խաղը նոյեմբերի 18-ին է: «Դինամո» մարզադահլիճում ժամը՝ 15:00-ին կայանալիք խաղում նախարարության թիմը կմրցի տարածքային կառավարման և զարգացման նախարարության թիմի հետ:

Scroll Up