«Արարող Հայաստան» խորագրով ցուցահանդես Իսպանիայում՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Իսպանիայի Էլդա քաղաքի «Արարատ» հայկական միությունը Պետրեր քաղաքի քաղաքապետարանի և մշակույթի բաժնի հետ համագործակցությամբ նոյեմբերի 9-ին Պետրերի «Հորնո» ցուցասրահում կազմակերպել էր «Արարող Հայաստան» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին։
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Էլդա քաղաքի «Արարատ» հայկական միության նախագահ Անահիտ Օհանյանը, ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ցուցադրվել է տեսանյութ՝ նվիրված Երևանի հիմնադրման պատմությանը՝ Արգիշտի 1-ից մինչ մեր օրերը՝ ընդգրկելով հայկական ճարտարապետության գոհարները և մշակույթի վերընթաց զարգացման գործում իրենց ուրույն տեղն ունեցող հայտնի ճարտարապետների, գեղանկարիչների և նոր սերունդը ներկայացնող նկարիչների գործերը։ Ցուցահանդեսն անցել է ջերմ մթնոլորտում՝ հիացնելով ներկաներին և մեկ անգամ ևս ամրապնդելով հայ-իսպանական մշակութային կապերը։
Ցուցահանդեսին միությունը Հայաստանից հրավիրել էր նկարչուհի Օֆելյա Գոնչարովային՝ ցուցադրելու իր գեղանկարչական, ինչպես նաև իր հիմնադրած «Դեկկարտ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի 5-16 տարեկան սաների գունագեղ և ինքնատիպ աշխատանքները։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Էլդա–Պետրեր քաղաքների քաղաքապետարանների պաշտոնատար անձինք, տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, ներկայացուցիչներ և Էլդա, Պետրեր, Ալիկանտե քաղաքների հայ և իսպանացի արվեստասերներ։
Ի դեպ, Էլդա և Պետրեր քաղաքները 2016-2017թթ. Էլդայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։