Թո՛ղ հարատև լինի երթդ արևային, Երևան

Օդեսայի մեր «փոքրիկ Հայաստանում» մեծ ու գեղեցիկ տոն էր… Մարդիկ ողջունում էին միմյանց, շնորհավորանքներ հղում՝ սրտերում բերկրանք ու ցնծություն։ Հայ եկեղեցու զանգերի հարազատ ղողանջն էր շոյում մարդկանց ունկը , փողփողում էր հայոց եռագույնը, հնչում էր հայոց բառն ու բանը, անուշ երգն ու տաղը։ Ինձ թվում էր՝ բոլորին էր համակել այն զգացողությունը, որ մայր Հայստանում ենք։ Ամենայն Հայոց Մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյա փառապանծ հոբելյանն էր համախմբել օդեսահայությանը՝ և՛ մեծերին, և՛փոքրերին։ Մեկտեղել էին մշակույթի տան հարկի ներքո՝ միասին տոնելու հայոց սուրբ ոստանի ծնունդը։
Այդ լուսաշող հանդիսությունն անցկացվեց կիրակնօրյա կրթօջախի տնօրեն, «Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ» գրական-ազգագրական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Էլեն Պողոսյանի նախաձեռնությամբ, մասնակցությամբ՝ ստուդիայի սաների, «Արաքս»՝ վոկալ(գեղ. ղեկավար՝ Սիրանուշ Մինասյան՝) և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ » պարային(գեղ. ղեկավար՝ Ռազմիկ Սարգսյան) համույթների։
Բեմահարթակը ձևավորված էր հին ու նոր Երևանը ներկայացնող պատկերներով, գեղեցիկ դեկորացիաներով.
Հին Էրեբունու պարիսպներն ի վեր՝
Նոր Երևանի քարաթև պարում,
Այս առավոտը մանկան պես հուրհեր՝
Աշնանակեսին շեփորեց գարուն…
Նրա մի կողմում խորհրդանշական պատկեր էր ցուցադրված. 12 պտուղ էր հասել հայոց ծիրանենուն՝ Երևանի մայր-նախնիների զինանշաննեով «զուգվել» էր ծիրանի ծառը, քանզի դարավոր մայրաքաղաք Երևանը մեր նոր Տիգրանակերտն ու Արտաշատն է, նա մեր նոր Դվինն է ու Անին, Ամբերդն է ու Արինբերդը…
Հոբելյանական տոնին նվիրված միջոցառումն սկսվեց Տերունական «Հայր Մեր»-ով, որից հետո «Էրեբունի-Երևան» օրհներգի հնչյունների ներքո հանդիսավորությամբ ներս բերվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանի խորհրդանիշները։
Համայնքի ղեկավարության անունից համայն հայության ոստանին և մեր հայրենակիցներին շնորհավորանքի սրտագին խոսքեր հղեց փոխնախագահ Տիգրան Հարությունյանը։
Ուշագրավ էր սցենարը, այն հագեցված էր բեմականացված դրվագներով, երգ ու մեղեդիներով, ասմունքով ու պարով, որոնց զուգորդությամբ էլ ներկայացվեց Երևանի արարման պատմությունն՝ ի սկզբանե մինչև մեր օրերը, վերծանվեց Երևանի վեհաշուք կերպարը։
Հազարամյակների խորքից է գալիս նրա պատմությունը։
Հնամենի ու նոր Երևանը հասակակիցն է Բաբելոնի ու Հռոմի, Կարթագենի ու Նինվեի, բայց, ավա՜ղ, չկան նրա ավագ ու կրտսեր հասակակիցներից շատերը՝
– Չկա՜ն, և դու ես կենդանի,
Քաղաքամա՜յր Էրեբունի…
Կենդանության շունչ հաղորդելով Գևորգ Էմինի պոեմի՝ ծերունի բանաստեղծի և հավերժի ճամփորդի կերպարներին, «Ո՜վ, հայո՛ց աշխարհ» երգի երաժշտության ներքո համոզիչ կատարելով նրանց դերերը՝ մեկնաբանվեց գոյության խորհուրդը բազմաշնորհ ժողովրդի , որը գալիս է այն ժամանակներից, երբ անառիկ բերդեր էր կառուցում և փորագրում Երևանի ծննդյան սեպագիր վկայականը:
Բեմ ելան ազնվափայլ արքան Արգիշտի ՝ պերճ ու շքեղ հանդերձանքով, նրան ուղեկցում էին իշխաններն ու փորագրող վարպետները ՝ բրիչները ձեռքերին։ Հնչեց մուրճերի զնգոցը… Նրանք կերտեցին վկայականը «Էրեբունի» ՝ հաղթանակ։
Վիմագիր է նրա ծնունդը ։ Մասիսի չափ խորհուրդ ունի իր մեջ նա, և պատահական չէ, որ Արգիշտի առաջին արքան հիմնադրեց այն Արարատի դեմ հանդիման և պատգամեց՝ որ հայը սովորի իր սրբազան լեռան նման տոկալ, մաքառել, հաղթել ու հավերժել… Մաղթեց շինարար ազգին՝ «Հայկա զավակներին», կառուցել, արարել, շենացնել երկիրը Բիայնա՝ Արևի երկիրը…
Հազարամյակներ անց՝ 1918թ., երբ վերականգնվեց հայոց պետականությունը և հիմնադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, արևոտ ու տաք Երևանը հին դարձավ մեր դրախտավայր Հայաստան երկրի տասներկուերորդ մայրաքաղաքը՝
Հանց մի թագուհի հայոց փառավոր,
Ծիրանի հագած իր պարտեզներով,
Հայոց աշխարհի գողտրիկ դու քաղաք,
Հին ու նորօրյա ոստա՛ն, Երևան։
Կարելի է ասել՝ գեղեցիկ ավանդույթ է դարձել, երբ ստուդիայի հանդիսություններին մեր մասնակցությունն ենք բերում՝ նրա ղեկավար Էլեն Պողոսյանը, Տեր Աբգար քահանա Գըլըճյանը և ես՝ Նարինե Մուրադյանս։
Հնչեց քահանայի թավ և ազդու ձայնը.
Ինչպես յոթ օրում աշխարհն արարեց
Բարերարն Աստված,
Այդպես էլ ահա մի ճարտարապետ
Մի գիշերվա մեջ քաղաքն արարեց…
Բեմի վրա վեր հառնեց Ալեքսանդր Թամանյանի իմաստուն ու վեհ կերպարը՝ «երջանկագո՜ւյնը ճարտարապետների մեջ, որն ապրեց մի երկրում, որտեղ կառուցում էր մի ամբողջ ժողովուրդ և մի օր նախագծեց իր շինարար ժողովրդի դարավոր երազը՝ նոր Երևանը, որի նմանը նա չէր ունեցել երբևէ…»
Մեծ էկրանին սահիկահանդես էր…
Բեմ ելան թագ-մայրաքաղաքները, քանզի նորօրյա Երևանն իր մեջ ներառել է Հայաստանի անցյալի մայրաքաղաքների փառքն ու հիշատակները Դրանք ապրում են փողոցների, հյուրանոցների անվանումներում՝ Էրեբունի, Դվին, Անի…
Ի դեպ, մասնակիցների հանդերձները դրոշի խորհրդանշական՝ ձյունագեղ երանգն էին կրում, քանի որ նորօրյա Երևանը դարձել է՝
Արև դաշտի աննման հարս՝
Արարատի լույս փեշին…
Արևն ու ժպիտն է նրա դեմքին բողբոջում, արևաշունչ, արևաբույր հոբելյարը հայի ու հայոց աշխարհի բաբախող սիրտն է։
Դաժան փորձություններով ենք անցել, մինչև հասել ենք այս փառավոր տոնին։ Հնչեց «Երևանում տոն է» երգը («Լուսվան» համույթ՝ Լուսինե և Վանյա Մկրտչյաններ)։ Հանդիսատեսի սիրտը թունդ հանեց որոտընդոստ «Քոչարին։ Ագնեսա Պետրոսյան և Արմեն Վարագյան պարազույգը կատարեց «Արգիշտի» խրոխտ պարը։
Երևանի քնարական կերպարն էր արտացոլված «Սա Երևանն է», «Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել» երգերում( էրիկ Հակոբյան)։ Ամեն հայի սրտի քաղաքի գովքն էր «Երևա՛ն, իմ տուն», «Գազել Երևանին» երգ ու տաղերում, սիրո տողերում, ներբողներում.
– Իմ ամեն երգի մեջ դու կաս,
Դու կաս ու երգում ես…
Արևիկ Արմենակյանը գովերգեց Երևանի գիշերները, որոնք պատանիներին սիրահար են դարձնում. աստղոտ երկնքի տակ լույսերի ծով, լույսի հեղեղ, շքեղ մի տեսարան …
Հանդիսատեսին հմայեցին «Երևանի սիրուն աղջիկ» տաղի մեղեդիները ( դուդուկահար Նարեկ Ավետիսյան), քանզի, ուր էլ գնան հայ տղաները, իրենց սրտում թաքուն սեր ունեն պահած Երևանի սևաչյա հայուհիների հանդեպ։
Մայր գետի ալյաց նման գլորվեցին «Ես կանցնեմ՝ կգնամ, դու մնա հավիտյան» երգի հնչյունները՝ «Արաքս» խմբի կատարմամբ։
Քաղաքի տիպիկ տեսարաններից է երևանյան բակը։ «Երեկոն է երբ իջնում» երգի հնչյունների ներքո ձևավորվեց նրա ինքնատիպ պատկերը բեմի վրա։ ՈՒռիները լուռ ունկ են դնում քաղաքի երգին, պատանիների ու պատանուհիների հաճելի զրույցներին, ովքեր հանգստանում են իրենց խոնարհված վարսերի շուքի տակ, իսկ երկնասլաց բարդիները այդ մեղմօրոր երգի հետ նազում են ու շորորում։ Մեծահասակները նարդի են խաղում հանգստի տաղավարում, մերթընդմերթ ընդմիջում, լուրեր քննարկում։ Պատկերն ամբողջանում էր փոքրիկների աշխույժ խաղով, ծիծաղով կայտառ։
Հին Երևանի կոլորիտն անկարելի է պատկերացնել առանց ծաղիկների կախարդ արքայի՝ ծաղկե զամբյուղը ձեռքին, բարի ժպիտը դեմքին, և ջրավաճառ տղայի։ Փողոցային իրարանցումի մեջ լսվեց փոքրիկ ջրավաճառի երգը.
– Ջուր եմ ծախում, սառը ջուր…պուլպուլակի մաքուր ջուր,
Ով որ ուզի, լցնեմ տամ՝ իմ կուլայից այս պուճուր։
Ստուդիայի սաներից յուրաքանչյուրի կատարումը անզուգական էր,, խաղը՝ հրաշալի։
Միջոցառման գագաթնակետը եղավ ջահերով երթը. կառույցի ավագ և կրտսեր սերնդի ներկայացուցիչներն իրենց պատգամը թողեցին 2028 թվականի՝ Սուրբ Մաշտոցի անվան կրթօջախի և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ» գրական- ազգագրական ստուդիայի սաներին։ Ջահակիրները հանդիսավորությամբ ՈՒՂԵՐՁ հղեցին հաջորդ սերունդներին , որ հարատև լինի նրանց գործունեությունը և մաղթեցին, որ օտար ափերում ապրող հայը ՔԱՅԼ ԱՆԻ դեպի Հայրենիք և իր քարը դնի մեր սուրբ Ոստանի վսեմ շեմին։
Տպավորությունն աննկարագրելի էր, և դահլիճը դղրդաց ծափերի որոտից։ Հանդիսությունը, ես կասեի, կինոհամերգը՝ «Երևանը երգերի մեջ» խորագրով, սիրո ու նվիրումի ձոն էր՝ դարավոր ու նոր Երևանին։
Նրա ավարտին, կազմակերպիչներին ու մասնակիցներին դրվատանքի ու գոհունակության սրտագին խոսքեր հղեցին Տեր Հայրը և հայ համայնքի՝ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արտեմ Կարաջյանը։
Ի մասնավորի քահանան ընդգծեց, որ «մեր մեծ ու գեղեցիկ հայկական ընտանիքով տոնեցինք մեր մեծ մոր ծնունդը» և բարձր գնահատանքի արժանացրեց Էլեն Պողոսյան մանկավարժի անհատնում շնորհը, հմտությունը, մասնագիտական որակն ու նպատակամղվածությունը, այս նվիրյալ հայուհու երկարամյա գործունեությունը՝ հանուն Օդեսայի իր հայրենակիցների, հանուն հայ եկեղեցու և հայ մշակույթի պահպանման։ Իսկ պրն. փոխնախագահը, ուշադրություն հրավիրելով միջոցառման՝ գեղեցիկ ու իր մեջ մեծ խորհուրդ կրող ավարտին, նշեց նաև, որ հայ համայնքն իր գեղեցիկ ավանդույթներով ու մարդասիրական գործերով վայելում է մարզի հանրության սերն ու ակնածանքը, և օդեսահայերիս համար կարևոր էր ու խորհրդանշական, նախագահ Սամվել Տիգրանյանի՝ այս հոբելյանական տարում «Օդեսայի պատվավոր քաղաքացի» կոչմանը արժանանալը։
Այս գողտրիկ միջոցառման կազմակերպման գործում իրենց անմիջական ավանդն ունեին մշակույթի կենտրոնի տնօրեն Աննա Գևորգյանը և տիկնանց կոմիտեի նախագահ Սոնիկ Հաննեյանը, աջակցություն էր ցուցաբերել նաև կիրակնօրյա կրթօջախի ծնողական կոմիտեն։
Այս ամենով հանդերձ, Ամենայն Հայոց Մայրաքաղաքի ծննդյան գողտրիկ տոնահանդեսը վերստին հավաստեց՝ Քրիստոսի ծննդից առաջ, 782 թվականին հիմնադրված ուրարտական՝ «Երևան դարձած» Էրեբունի քաղաքը հայ ժողովրդի ամենամեծ ու մնայուն ստեղծագործությունն է ՝ միակն ու անզուգականը։
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ԻՄ ՋԵ՛ՐՄ, ԻՄ ՀԱՐԱԶԱ՛Տ, ԻՄ ԱՐԵՎԱՅԻ՛Ն ՈՒ ՀԱՎԵՐԺԱԿԱ՜ Ն ՔԱՂԱ՛Ք։
Նարինե Մուրադյան, ք.Օդեսա