Հայաստանյան ուսուցիչները հյուրընկալվեցին Ղրղզստանի «Արարատ» հայկական համայնքում

Հոկտեմբերի 11-12-ը Բիշքեկում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատակիցների 5-րդ համաժողովը, որին մասնակցում էին նաև մի խումբ մանկավարժներ Հայաստանից։
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, կրթական գործընթացի ձեռքբերումների, մարտահրավերների և ամենատարբեր խնդրահարույց հարցերի քննարկումներին զուգընթաց՝ համաժողովի ընթացքում կատարվեց նաև պարգևների հանձնման հանդիսություն։ Համագործակցության երկրների մի շարք լավագույն ուսուցիչներ պարգևատրվեցին «ԱՊՀ երկրների կրթության գերազանցիկ» շքանշանով: Ուրախալի է, որ նրանց շարքում են նաև մեր հայրենակիցներ Մարինա Ղազարյանը (ք. Կապան), Կարինե Ներսիսյանը (ք. Երևան), Արմինե Մակարյանը (գ. Չինարի):
Չնայած համագումարի ժամանակացույցը չափազանց հագեցած էր, Հայաստանի պատվիրակությունն այցելեց Ղրղզստանի «Արարատ» հայկական համայնքի գրասենյակ՝ ծանոթանալու համայնքի անդամների հետ, տեղեկանալու նրանց առաջիկա ծրագրերի և հիմնախնդիրների մասին: Հյուրերի պատվին համայնքի ղեկավար Սամսոն Բալյանը ընդունելություն էր կազմակերպել, որի ընթացքում էլ Բիշքեկի հայերի անունից նրանց հանձնեց հիշարժան նվերներ: