Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի «ոսկե աշունը»
Աշուն է, ոսկե աշուն: Ու չնայած ընդունված է ասել, որ հայաստանյան աշունն ուրիշ է, բայց Աստանայում ապրող մեր դպրոցահասակ հայրենակիցներից շատերը Հայաստանում չեն եղել, և աշնան երանգապնակին էլ ծանոթացել են Ղազախստանի մայրաքաղաքում, որն, ի դեպ, պակաս գունավառ ու հեքիաթային չէ։ Ահա թե ինչու մենք որոշեցինք դպրոցական տոներից մեկն էլ նվիրել աշնանը։
Տոնն սկսվեց աշնանը նվիրված երգերով ու բանաստեղծություններով, իսկ հետո Աշուն-տատիկը հրավիրեց տոնական սեղանների շուրջ։ Ինչե՜ր ասես, որ չկային այնտեղ՝ էլ կարմրաթուշ դեղձ, էլ քաղցրահամ խաղող, էլ թուզ ու նուռ, և այդ ամենը համայնքի նախաձեռնությամբ բերվել էր Հայաստանից։ Իսկ երբ միացրինք նաև տեսասարքը, և ցուցապաստառի վրա երևաց Արարատյան դաշտի համայնապատկերը, ամենքին այնպես էր թվում, թե ըմբոշխնում են հայաստանյան աշնան ջերմությունը։
Հատուկ տոնի համար կազմակերպել էինք նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես։ Երեխաները երգեցին, պարեցին, իսկ Խաչատրյան Տիգրանը կատարեց մի հայ կոմպոզիտորների դաշնամուրային մի քանի ստեղծագործություն:
Տոնին մասնակցում էին Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի երկու հոսքի երեխաներն ու նրանց ծնողները։
Հայաստան Մնեյան,
Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն