Ռումանիոյ առաջնորդի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Բուրգասի Վազգեն Վեհափառի անունը կրող թանգարանի բացումը

Հոկտեմբերի 13-ին Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ գերշ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը մեկնեց Բուլղարիայի Բուրգաս քաղաք` հանդիսապետելու տեղի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն կից թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը: Թանգարանը բացվեց եկեղեցուն կից՝ 2005թ. կառուցված երիցատան սրահներից մեկում` Բուրգասի հոգևոր հովիվ արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանի ջանքերով և Մարգարետա Մելքոնյանի բարերարությամբ` ի հիշատակ իր ամուսնու և որդու: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվանից, թանգարանն անվանակոչվեց Ռումանիոյ և Բուլգարիոյ Հայոց թեմերի լուսահոգի առաջնորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Վեհափառի անունով, և հատկանշական է, որ այս իրադարձությունը տեղի ունեցավ 2018թ., երբ նշվում է Վեհափառի ծննդյան 110-ամյակը:

Թանգարանն ունի բավականին հարուստ ցուցադրություն` հնատիպ գրքեր, պատարագամատույցներ, Ավետարաններ, խաչեր, թագեր, եկեղեցական զգեստներ, սպասքներ և այլն, որոնցից կարող ենք առանձնացնել 1686թ. Վենետիկում հրատարակված Ավետարանը, 1686թ. Վենետիկում հրատարակված երկու Ճաշոցները, 1757թ-ի շուրջառը և այլն: Հատկանշական էր, որ բացման արարողությունից անմիջապես հետո տեղի հայերից մեկը թանգարանին նվիրեց Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ Անդրանիկի ջոկատում կռված իր տատիկի թուրը, որը հետայսու ևս պիտի համալրի թանգարանի ցուցադրվող նմուշների շարքերը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Տ. Պողոս քահանա Միքայելյանը, Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուադյանը, բուլղարա-հայկական կապերի պատասխանատու, Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Տիշևը, Բուրգասի քաղաքապետը, փոխքաղաքապետ, հայազգի Լորիս Մանաելյանը, մարզպետի տեղակալը, ներկայացուցիչներ՝ տարբեր ծուխերից ու համայնքներից, թեմական խորհրդի անդամներ, հայեր ու բուլղարացիներ, շուրջ 100 հոգի:

Բացման հանդիսավոր արարողությունից և կարմիր ժապավենի կտրումից հետո՝ արդեն ներսում, կատարվեց տնօրհնեք: Սրբազանը ներկաներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը, շնորհակալություն հայտնեց քաղաքային իշխանություններին՝ հայ եկեղեցուն և հայ համայնքին, հայ մշակույթի պահպանմանն աջակցելու համար, իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարերարին, հայ և բուլղար ժողովուրդներին: Այնուհետև բոլոր ներկաները մասնակցեցին կազմակերպված հյուրասիրությանը և կիսվեցին իրենց տպավորություններով:

Scroll Up