Արա Գևորգյանն իր նոր ստեղծագործությունը նվիրել է Շառլ Ազնավուրի հիշատակին.տեսանյութ

Երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը ՀՀ Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անմար հիշատակին նվիրված «Մեր Շառլը» երգն է գրել, որը կատարում է երգչուհի Մաշա Մնջոյանը:
«Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում Արա Գևորգյանն ասաց, որ, հոկտեմբերի 1-ին, լսելով Շառլ Ազնավուրի մահվան լուրը, հուզմունքը տեղի է տվել և մեկ գիշերվա ընթացքում գրել է սրտաբուխ ստեղծագործությունը: Երգահանն այս քայլով ցանկացել է հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Շառլ Ազնավուրին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության, ազգանվեր գործունեության և անմնացորդ սիրո համար, որի ականատեսը եղել ենք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զարհուրելի օրերին և ոչ միայն:
«Անասելի ցավ եմ ապրում. Շառլ Ազնավուրն իր գոյությամբ և երգերով աշխարհի բոլոր անկյուններում հայերիս անունը բարձր է պահել և հպարտանալու շատ առիթներ տվել: Իսկ ինչ վերաբերում է համացանցում տեղադրված երգին, ապա այն արդեն հասցրել է սիրվել և դրական արձագանք ունենալ ունկնդրի կողմից»,-նշեց Արա Գևորգյանը՝ հավելելով, որ առաջիկայում որոշել է «Մեր Շառլը» երգը նաև անգլերեն և ֆրանսերեն լեզուներով ձայնագրել, որոնք կկատարեն ամերիկահայ և ֆրանսահայ երգիչ-երգչուհիները:
Զրույցի վերջում Արա Գևորգյանը ընդգծեց նաև, որ Շառլ Ազնավուրի հետ հանդիպելու հնարավորություն իրեն երբևէ չի ընձեռնվել, որի համար անչափ ափսոսում է: Նույնիսկ ցանկացել էր իր՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված «Ադանա» ստեղծագործության ֆրանսերեն տարբերակը հենց մեծանուն հային առաջարկել կատարելու: