Շառլ Ազնավուրին նվիրված հրաժեշտի արարողություն Տաշքենդում

Հոկտեմբերի 3-ին Տաշքենդի Սուրբ Փիլիպոս Հայկական առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակի արարողությունը, որին մասնակցում էին Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի գծով խորհրդական Էմիլի Դեզորմիերը, հայկական համայնքի ներկայացուցիչներ, աշխարհահռչակ շանսոնյեի տաշքենդաբնակ երկրպագուներ։
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, արարողությունն սկսվեց եկեղեցու բակում, տեղադրված էր Հայաստանի ազգային հերոս, Մեծ արվեստագետ և մարդասեր շառլ Ազնավուրի մեծադիր դիմանկարը։ Ի խորոց սրտի ցավակցական խոսք ասացին տեր Հովհաննես քահանա Գրիգորյանը, Ֆրանսիայի դեսպանատան խորհրդական Էմիլի Դեզորմյերը, ինչպես նաև Տաշքենդի գիտական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, որից հետո արարողության մասնակիցները մոմեր վառեցին և ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյեի:
Եկեղեցու զանգերի ղողանջներին խառնված ազնավուրյան երաժշտությունը կարծես սրբագործում էր մարդկանց հոգիները։ Նրանք ամենքը միաբերան Աստծո օրհնանքն ու ողորմածությունն էին աղերսում մեծն հայորդու համար: