Կիևում շարունակվում են Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումները

Երկուշաբթի օրը Կիևում սկսված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումները շարունակվել են երեքշաբթի օրը:
AnalitikaUA.net- ի տեղեկացմամբ` հոկտեմբերի 2-ին, Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատան առջև, ծաղիկներ են դրվել և մոմավառություն անցկացրել Շառլ Ազնավուրի հիշատակին: Հանրահավաքին մասնակցել են Ֆրանսիայի դեսպանատան, մայրաքաղաքի հայ համայնքի և հոգեւորականության ներկայացուցիչներ:
Հավաքվածներին միացել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Իսաբել Դումոնթը (Isabelle Dumont), ով շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և նշել, որ Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի համար:
Հոկտեմբերի 1-ին, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ, Կիևի բնակիչները և հայ համայնքի ներկայացուցիչները Շառլ Ազնավուրի հիշատակին ծաղիկներ էին դրել և մոմավառություն անցկացրել: Իսկ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ծաղիկներ էր դրել Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Հոկտեմբերի 3-ին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը բացվել է ցավակցությունների գիրքը: