BBC News Arabic. Եգիպտոսի առաջին վարչապետը. Եգիպտոսի հայ համայնքի պատմությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/09/103444388_1.jpg)
BBC News Arabic–ը գրում է.
Եգիպտոսում կայացել են եգիպտահայ համայնքին նվիրված ձեռնարկները, որոնց մասնակցել են նաև Եգիպտոսի ներգաղթի և արտագաղթածների հարցերով նախարար Նաբիլա Մաքրամը և ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Եգիպտոսի ներգաղթի և արտագաղթածների հարցերով նախարարությունը մշակել էր «Մենք՝ եգիպտահայերս» խորագիրը, որի շրջանակներում անցավ հայ համայնքին նվիրված շաբաթը:
Ինչպիսին է Եգիպտոսի հայ համայնքի պատմությունը
Եգիպտացիների և հայերի հարաբերությունները սկիզբ են առել վաղ ժամանակներից: Հայերը նշանակալի ներդրում են ունեցել Եգիպտոսի տնտեսության, մշակույթի և գիտության զարգացման մեջ: Այս մասին նշված է Սոնիա Զիթըլյանի «Հայերը Եգիպտոսում: Հայոց ներդրումը միջնադարյան և արդի ժամանակներում» գրքի մեջ, որը հրատարակվել է Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից: Ըստ գրքում առկա տվյալների՝ Եգիպտոսում ամենաակնառու հայ դեմքերը գործել են Աբբասյան շրջանից՝ 7-րդ դարից մինչև Օսմանյան շրջանը՝ 19-րդ դարի սկիզբը: Այդ դեմքերից են Ալի իբն Յահլա ալ Արմանի իշխանը, որը եղել է Եգիպտոսի կառավարիչը 841-849 թթ.-ին՝ նշանակվելով Աբբասյան խալիֆայի կողմից, և արմատներով հայ Բադր ալ-Ջամալին, որը նշանակվել է խալիֆա Էլ Մուստանսըր Էլ Ֆաթըմիի կողմից 1073 թ.-ին՝ օգնելով կառավարել երկիրը ներքին երկպառակտության, սովի և երաշտի պայմաններում:
Ճարտարապետ Սինան Փաշան Օսմանյան կայսրության շրջանում կառուցել է Պոլակի պատմական մզկիթը, Կահիրեի հացահատիկի շուկան և Պոլակի բաղնիքը:
19-րդ դարի սկզբին մեծ թվով հայեր գաղթել են Եգիպտոս՝ կազմելով մեծ համայնք: Այն պայմանավորված էր Մուհամմեդ Ալիի իշխանության շրջանում հայերին տրված հնարավորություններով՝ աշխատել որպես թարգմանիչ, բժիշկ, նաև Ալաուիների հարստությունն ու կալվածքները կառավարել:
Եգիպտոսը 19-րդ և 20-րդ դարերի սկզբներին եղել է առևտրականների և ազգային, կրոնական փոքրամասնությունների համար հարմար վայր, քանի որ այն վայելում էր անկախ իշխանություն՝ Ստամբուլից հեռու:
Մուհամմեդ Ալի փաշայի օրոք Եգիպտոսը գտնվում էր խաղաղության մեջ, այդպիսով՝ հնարավորություն տալով հետազոտողներին և ստեղծագործողներին հաստատվել այստեղ: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում (Հայոց ցեղասպանության– Հ.Ա) հազարավոր հայերի սպանությունն առանցքային իրադարձություն եղավ Եգիպտոսի հայ համայնքի պատմության մեջ, մեծ թվով գաղթականներ եկան Եգիպտոս: 1927 թվականի մարդահամարի տվյալներով՝ մոտ 17 հազար հայ էր ապրում Կահիրեում և Ալեքսանդրիայում:
Կրթություն և արդյունաբերություն
Առաջին հայկական դպրոցը՝ Եղիազարյան հոգևոր դպրոցը, հիմնվել է 1818 թվականին Բեյն Սուրեյն թաղամասում, ապա 1854 թվականին տեղափոխվել է Էլ Ջունեյնա թաղամաս՝ անվանափոխվելով Մովսես Խորենացի պատմիչի անունով՝ «Խորենյան»: 1904 թվականին գործարար Պողոս Նուբարը դպրոցը փոխադրել է Պոլակ, 1907 թվականին հիմնվել է Գալուստյան հայկական վարժարանը, որը ներառել է նաև մանկապարտեզ՝ Կահիրեում: Պողոս Եուսուֆյանը հիմնել է երկրորդ հայկական դպրոցն Ալեքսանդրիայում՝ 1890 թվականին:
Եգիպտոսում հայերը նպաստել են բազմաթիվ արդյունաբերական ոլորտների, ներառյալ՝ նավաշինության, գործվածքի և ծխախոտի արտադրությանը:
Եգիպտոսում առաջին հայկական թերթը՝ «Արմավենի»-ն, հրատարակվել է 1865 թվականին, որին հաջորդել են բազմաթիվ թերթեր՝ դրանց թիվը հասցնելով 140-ի: Այսօր Եգիպտոսում հրատարակվում է երկու օրաթերթ՝ «Հուսաբեր»՝ 1913 թ.-ից և «Արև»՝ 1915 թ.-ից, նաև «Ջահակիր» շաբաթաթերթը, որը հիմնվել է 1948 թվականին: Կան նաև «Արև» թերթի ամսական արաբական հավելվածը և «Ջահակիր» թերթի եռամսյակային երաժշտական հավելվածը՝ «Ծիծեռնակ»-ը:
Եգիպտոսի հայերը կա՛մ ուղղափառ, կա՛մ կաթողիկ:
Եգիպտահայ ակնառու դեմքեր են համարվում Նուբար փաշան, որ եղել է Եգիպտոսի առաջին վարչապետը, նաև ծաղրանկարիչ Սարուխանը և հայտնի արվեստագետներ Ֆեյրուզը, Նելլին, Միմի Ջամալը և Անուշքան: