Նշանավոր սասունցի հայ ոսկերչի պատմությանն է անդրադարձել թուրքական լրատվամիջոցը

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հարցազրույց է ունեցել Թուրքիայում նշանավոր հայ ոսկերիչ Վիկտոր Օջալի հետ, որը հայտնի է հատկապես գոհարագործության ոլորտում իր յուրօրինակ մոտեցումներով։
Արմատներով պատմական Սասունի Նիչ գյուղից Օջալների ընտանիքը շուրջ 4 տասնամյակ է՝ բնակություն է հաստատել Կ․Պոլսում, որտեղ էլ ծանոթացել են ոսկերչական արվեստին՝ պոլսահայ վարպետներից յուրացնելով հայկական ոսկերչության ավանդույթները։
Օջալի՝ «ոսկերչական» պատմությունը սկիզբ է առնում դեռ 1983 թվականից, երբ նա հայտնվեց Ստամբուլի «Փակ շուկայում»՝ հայ վարպետ ոսկերիչների արհեստանոցներում։
Իր բոլոր վարպետներին լավ է հիշում՝ Վարուժան ուստան, Էդմոն ուստան, Բաբկեն ուստան․․․ Յուրաքանչյուրից անգնահատելի գիտելիքներ է ստացել՝ բացահայտելով հնագույն արհեստի գիտելիքները։
Օջալն առանձնացնում է հատկապես Բաբկեն ուստային, որն, իր խոսքով, նրա համար երկրորդ հայր է եղել։
Հայ ոսկերիչը ժամանակի հետ աշխատել ու կատարելագործվել է ոսկերչական արտադրության մի քանի տեխնոլոգիաների գծով և անգամ մշակել իր սեփականը՝ նոր տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ ծանոթ չէին Թուրքիային։
Ըստ Օջալի՝ լավ ոսկերիչ դառնալու համար կան մի քանի նախապայմաններ, որոնցից են՝ սեփական տեխնիկան ունենալը, արված գործի օրիգինալությունն ու եզակիությունը։
«Սա այն չէ, որ ասես «Ահա, այստեղ մի ծաղիկ գծեցի, ներկեցի», սա շատ ավելին է»,- Ter-am-ի փոխանցմամբ պնդում է Թուրքիայի ամենապահանջված ոսկերիչներից մեկը, որը նաև հասցրել է ստանալ պետական արվեստագետի կոչում։