«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Շոշ համայնքում կառուցվում է մանկապարտեզ

Օգոստոսի 22-ին, Հայաստան համահայկական հիմնադրամի և արգենտինահայ բարերար ընտանիքների ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ ծանոթանալու համայնքում կառուցվող մանկապարտեզի ընթացիկ շինարարական աշխատանքներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վարդան Փարթամյանն ասել է, որ սա Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի հերթական ծրագիրն է Շոշ համայնքում:
«Մինչ այս, Շոշ գյուղում հիմնադրամի կողմից կառուցվել է համայնքային կենտրոն և հանդիսությունների սրահ, ինչպես նաև դպրոցի շենքը: Հիմա այստեղ կառուցվում է միչև 90 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, որպեսզի կրթական մասով ամբողջականացվի համայնքում արվող ծրագրերը»,- հայտնել է Վ. Փարթամյանը:
Նա նշել է, որ մանկապարտեզի կառուցման աշխատանքները բավականին ակտիվ են ընթանում և նախատեսվում է մյուս տարի մայիսին այն հանձնել շահագործման:
Ինչ վերաբերում է արգենտինահայ բարերարներին, ապա Վ. Փարթամյան խոսքով, մինչ այս,  հիմնադրամն իր արգենտինահայ բարերար Դևեճիէան, Էքզերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ Քարին տակ համայնքում կառուցվել է նաև մանկապարտեզ և համայնքային կենտրոն:
«Քարին տակ համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը բազմաթիվ ներդրումներ է կատարում: Մենք սկսեցինք խմելու ջրից, որը իրոք համահայկական ծրագիր դարձավ՝ համախմբելով հայերի՝ մոտավորապես 9 երկրից: Դրանից հետո դպրոցում տեղադրվեց ջեռուցման համակարգ, կառուցվեց նոր մարզադահլիճ, համայնքային կենտրոն և անցյալ տարի նաև՝ մանկապարտեզ»,- մանրամասնել է Վ. Փարթամյանը, նշելով, որ բարերարները նաև այցելելու են Քարին տակ համայնք՝ տեսնելու նախկինում կատարված ծրագրերի արդյունքները:
Բարերար Գրիգոր Շիմշիրօղլուն, ով ծնունդով Ստամբուլից է, անչափ կարևոր է համարում նախադպրոցական հաստատությունների առկայությունը գյուղական համայնքներում: «Սա արդեն մեր հինգերորդ կամ վեցերորդ այցն է Արցախ: Փորձում ենք միշտ լինել Արցախի կողքին և հնարավորինս աջակցել: Ուրախությամբ ենք տեսնում, որ այստեղ կյանքն աշխուժանում է և դա մեզ նոր ուժեր է հաղորդում նոր նախաձեռնություններով հանդես գալու համար»,- իր հերթին ասել է Գ. Շիմշիրօղլուն:
Scroll Up