Դասընթացներ երիտասարդական աշխատողների համար

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ և Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվող International Youth Studies («Միջազգային երիտասարդական հետազոտություններ», InYouS) երկարաժամկետ ծրագրի շրջանակում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ «Ինչպես ստեղծել դասընթացներ երիտասարդական աշխատողների համար» (HTML – How to Make Lessons for Youth Workers) դասընթաց-ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր զարգացնել երիտասարդական աշխատողների հմտությունները, ուսումնասիրել երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը, ծանոթանալ ոչ-ֆորմալ կրթության առանձնահատկություններին և գտնել երիտասարդական աշխատանքի ճանաչմանը նպաստող ուղիները:

Դասընթացի ընթացքում կարևորվել է նաև թիմային աշխատանքը, որի միջոցով մասնակիցները զարգացրել են հաղորդակցման, բանակցելու, վերլուծելու և մի շարք այլ հմտություններ:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը կարևորելով գործընկերների հետ աշխատանքը՝ նշում է. «Համատեղ ուժերով մշակված դասընթացը օգտակար է լինելու ցանկացած երկրում գործող երիտասարդական աշխատողի համար: Այն կարող է օգտագործվել նաև ֆորմալ կրթական համակարգում աշխատող դասախոսների կողմից, որոնք իրենց դասընթացների մատուցման արդյունավետությունը կբարձրացնեն՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդները և հեռավար ուսուցման հարթակն օգտագործելով»:
Բելառուսից Վալերիա Բուլաթսկայան արդեն երրորդ անգամ է մասնակցում Երիտասարդական ակումբների դաշնության կողմից կազմակերպված ծրագրերին. «Այս ծրագրի ընթացքում մեծ գիտելիք և փորձ եմ ձեռք բերել, ծրագիրը լի էր մարտահրավերներով: Որպես մասնակից հանդես գալուց զատ, նաև հնարավորություն ունեցա դասընթաց անցկացնել հմտությունների և կարողությունների զարգացման վերաբերյալ, որի համար շատ ուրախ եմ: Սիրով սպասում եմ Երիտասարդական ակումբների դաշնության հետ հետագա համագործակցություններին:
Լեան, ով Պորտուգալիայից է և ԵԱԴ-ի գործընկեր կազմակերպությունն է ներկայացնում, նշեց, որ «Հայաստանի և Պորտուգալիայի երկու հայտի կազմակերպություններն ունեն նույն առաքելությունը, այն է՝ երիտասարդական աշխատանքի ճանաչմանը հասնելու համար հստակ քայլեր կատարելը: Ծրագիրը հնարավորություն է տալիս աշխատել երիտասարդական աշխատողների հետ տարբեր երկրներից, լսել միմյանց, աշխատել համատեղ և տարբեր երկրների փորձը կիսել մի հարթակում»:

Ծրագրի կարևոր մասերից մեկը տասներեք երկրների մասնակիցների կողմից իրականացված միջմշակութային երեկոն էր, որի ընթացքում ներկայացվեցին ազգային պարեր, խոհանոց և հետաքրքիր փաստեր յուրաքանչյուր գործընկեր երկրի մասին:
Մասնակիցներն այցելեցին Վրաստանում երկու երիտասարդական կենտրոն և ծանոթացան վերջիններիս գործունեությանը:

Ծրագրի շրջանակում հաջորդ հանդիպումը նախատեսվում է Չեխիայում, որտեղ մասնակիցները գործնականում կիրառելու են նախորդ 2 փուլերի ընթացքում ստացված գիտելիքները:

ԵԱԴ հանրային կապերի հանձնախումբ

Scroll Up