Վիրահայ աշակերտուհին՝ համահայկական մրցույթի հաղթող

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հունիսի 27-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության, սփյուռքի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպված «Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթների ամփոփման հանդիսավոր արարողությունը:
Մրցույթներին մասնակցել են Հայաստանի, Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների և Սփյուռքի հայկական կրթօջախների սաներ: Աշխարհի 27 երկրի հայկական կրթօջախների դպրոցականները ներկայացրել էին 230 աշխատանք` 123 շարադրություն և 107 նկար:
Շարադրությունների մրցույթում Ախալքալաքի Բարալեթ գյուղի թիվ 1 հանրային դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Կարինե Մակարյանն արժանացել է առաջին կարգի մրցանակի և խորհրդանշական նվերի:
Մրցանակը եկել էր ստանալու դպրոցի տնօրեն Լենա Կարապետյանը, ով «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ Կարինեն այդ հաղթանակն, իրոք, վաստակել է: Նա աշխատասեր, տաղանդավոր անձնավորություն է, լավ երգում և պարում է: Տնօրենը շեշտեց նաև, որ Կարինեն մեծ սիրով և ոգևորությամբ է մասնակցել մրցույթին:
«Կարինեն, երբ իմացավ իր հաղթանակի մասին, շատ ուրախացավ, սակայն դեռևս չգիտի, որ առաջին կարգի մրցանակ է ստացել: Որոշել եմ սեպտեմբերի 1-ին հանդիսավոր պայմաններում հանձնել շնորհակալագիրն ու խորհրդանշական նվերը, որպեսզի ուսումնական տարին բարձր տրամադրությամբ սկսի»,-ասաց Լենա Կարապետյանը՝ հավելելով, որ այսպիսի նախաձեռնություններն ավելի են ամրապնդում Հայրենիք-Սփյուռք կապերը և նպաստում սփյուռքահայ երիտասարդների ազգային ոգու բարձրացմանը:
Խոսելով դպրոցի գործունեության մասին՝ Լենա Կարապետյանն ընդգծեց, որ իրենց առօրյան հագեցած է բազմաբնույթ հայապահպան միջոցառումներ կազմակերպելով, ամենուր հայաշունչ մթնոլորտ է տիրում, նշում են ազգային, եկեղեցական և պետական տոները՝ չմոռանալով վրացական տոների կազմակերպման մասին: Ակտիվ համագործակցում են նաև ՀՕՄ-ի Ջավախքի մասնաճյուղի հետ:
Գևորգ Չիչյան