Փարիզում կայացել է «Հայաստանի գանձերը» ֆիլմի ցուցադրությունը

Օրերս Փարիզի Հայ առաքելական եկեղեցու սրահում տեղի ունեցավ   ֆրանսաբնակ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանի «Հայաստանի գանձերը» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը նկարահանվել է 2017 թվականին Հայաստանում։

«Հայաստանի գանձերը» լիամետրաժ, 75 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմ է։ Ֆիլմի գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է՝  եկեղեցիները, վանքերը, բերդերը և նրանց պատմությունը, ինչպես նաև Հայաստանի բնությունը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, հուշարձանների, եկեղեցիների պատմությունը հայերեն մանրամասնորեն ներկայացնում է հայտնի դերասան Արթուր Կարապետյանը, իսկ ահա ֆրանսերեն տարբերակը ներկայացնում է ֆրանսիացի հայտնի օպերային երգիչ Մարիո Հաքքարդը։ Ֆիլմը առանձնահատուկ է գեղատեսիլությամբ, նյութի հարստությամբ և հագեցվածությամբ, տեսարանների բազմազանությամբ և շուքով: Նկարահանված է ինչպես երկնքից՝ թռչող սարքի օգնությամբ, այնպես էլ ցամաքից:

Ժապավենը նպատակ ունի համայն հայությանը և նաև օտարազգի հանդիսատեսին ծանոթացնել Հայաստանի մշակույթին, բնությանը, պատմությանը։ Չնայած այն փաստին, որ ֆիլմը փաստավավերագրական է, սակայն այն յուրահատուկ է իր պատկերի և սցենարի գրավչությամբ։ Լինելով մասնագիտությամբ նաև լուսանկարիչ և նկարիչ՝ ֆիլմի հեղինակը կադրային, լույսի և ստվերի յուրահատուկ լուծումների միջոցով ֆիլմին հաղորդել է մոգականություն։

«Հայաստանի գանձերը» ցուցադրվել է Ֆրանսիայի ավելի քան 15 քաղաքներում, մասնավորապես՝ 4 ցուցադրություն միայն Փարիզ քաղաքում, Ալֆորվիլում, Արնովիլում, Մարսելում, Սանտ Էտյենում, Լիոնում, Լիլում: Հոկտեմբեր ամսին նախատեսվում են ցուցադրություններ Վալոնսում, Ռոբանսոնում, Կլամարում, Վիլողբանում, Դեսինում և Վիեն քաղաքներում; Հատկանշական է, որ ֆիլմը ցուցադրվել և հետաքրքրություն է առաջացրել ոչ-միայն հայկական մշակութային միություններում, այլև ֆրանսիական հեղինակավոր կառույցներում, կինոթատրոններում։ Այդ է վկայում 2019 թվականի մայիսի 28-ին նախատեսված ցուցադրությունը, որի կազմակերպիչն է Վիեն քաղաքի հայկական մշակութային տունը և Վիեն քաղաքի հեղինակավոր Բաց հասարակության համալսարանը:

Նշենք, որ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանը  արտերկրում է ապրում 11 տարեկանից։ Միջնակարգ կրթությունը ստացել է Վարշավայում, այնուհետև տեղափոխվելով Ֆրանսիա՝ ուսանել է Փարիզի հեղինակավոր Գեղեցիկ արվեստի բարձրագույն համալսարանում՝ լուսանկարչության բաժնում։ Դեռ մանկուց զբաղվել է գեղանկարչությամբ, անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում և Ֆրանսիայի տասնյակ ցուցասրահներում։

«Մշտապես հետաքրքրված և հիացած եմ եղել հայի ստեղծագործ հանճարով։ Շատ տպավորիչ են հայկական եկեղեցիները, վանքերը, ամրոցները, մեր պատմությունն ու ճարտարապետությունը; Այդ էր պատճառը, որ ստեղծեցի մի ֆիլմ, որի առաքելությունն է վերհանել հայի ստեղծագործ ոգին և պատմությունը։ Ֆիլմը նկարահանել եմ 25 օրում, այնուհետև բավական ժամանակ տրամադրել եմ սցենարին և մոնտաժային աշխատանքներին»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը:

Այն հարցին, թե ապագայում ի՞նչ նախագծեր կան, Նարեկ Ոսկանյանը պատասխանեց. «Ցանկանում եմ առաջիկայում նկարահանել ֆիլմեր հայ համայնքների պատմության մասին: Այս շարքից առաջին ֆիլմը` «Նվիրյալը», նկարահանել եմ դեռևս 2015թվականին՝ ներկայացնելով Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում գործող «Տարոն» և «Ծիծեռնակ» երգչախմբերի գործունեությունը, անցած ճանապարհը, հայ եկեղեցու կարևորությունը Սփյուռքում հայապահպանության հարցում։ Ցանկանում եմ շարունակել այս շարքը, ներկայացնել աշխարհում սփռված հայկական եկեղեցիները, վանքերը, պատմամշակութային կոթողները՝ կարևորելով նրանց պատմությունն և դերը հայապահպանության բարդ ճանապարհին»։

Հավելենք, որ Նարեկ Ոսկանյանը բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմերի, խաղարկային տեսահոլովակների, հեռուստանախագծերի հեղինակ է: Հատկանշական է, որ ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայում գործող «Հայասսա» ֆեդերացիայի գաղափարական և ֆինանսական հենքի վրա: Ֆիլմի ինֆորմացիոն հովանավորն է հայ-ֆրանսիական «Ինֆո Արմենի»  ինտերնետային հեռուստաալիքը։

Նշենք, որ «Հայաստանի գանձերը» ֆիլմին առաջիկայում սպասվում է «ճամփորդություն» դեպի ֆրանսիական հեռուստաալիքներ, ցուցադրություններ ԱՄՆ-ում, Կանադայում և եվրոպական մի շարք երկրներում։

Scroll Up