Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանի շրջանավարտները ավարտական վկայականներ ստացան

Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց երկրորդական վարժարանի շրջանավարտներին հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականներ հանձնելը և հյուրասիրություն կազմակերպելը Երուսաղեմի Հայ երիտասարդաց միության կողմից ավանդույթ է դարձել:
Հունիսի 21-ին տաս շրջանավարտների համար տեղի է ունեցել հերթական նախաձեռնությունը, որին ներկա են եղել ՌԱԿ Երուսաղեմի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Շոհմելյանը, Երուսաղեմի Հայ երիտասարդաց միության նախագահ Հակոբ Փանոսյանը, շրջանային վարչության և միության անդամներ, ուսուցիչներ, նախկին շրջանավարտներ, ծնողներ և այլ հյուրեր: Տոնական ճաշկերույթին հրավիրված են եղել նաև օտար վարժարաններում սովորող հայ աշակերտները:
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, աշակերտներին նաև հուշանվերներ են հանձնվել, ներկաները նրանց ուսումնառությունն ավարտելու առիթով շնորհավորել են, բարի երթ, լուսավոր ապագա մաղթել կյանքի նոր շրջափուլում՝ հորդորելով հետագայում լավ մարդ դառնալ՝ ստացած գիտելիքներով Հայաստանին օգտակար լինելու համար:
Ջերմ մթնոլորտում աշակերտները շնորհակալություն են հայտնել միությանը՝ միջոցառման կազմակերպման համար և վստահեցրել` երբեք չմոռանալ վարժարանում անցկացրած հայաշունչ օրերը: