Հանդիպում ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ

Հունիսի 20-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եվրոպական տնօրեն Նիկոլա Դավիդյանի հետ:
Արտգործնախարարը բարձր գնահատեց ՀԲԸՄ նշանակալի ավանդը համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնման և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի նախաձեռնման և իրականացման գործում, ՀԲԸՄ գործունեությունը հայկական հոգևոր, մշակութային, կրթական կյանքում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայապահպանության գործում պետության դերակատարության շուրջ։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ուժեղ համայնքային կառույցները հանդիսանում են Հայաստանի կայուն զարգացման հիմնասյուներից մեկը։
Նիկոլա Դավիդյանը ներկայացրեց ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի գործունեությունը, ընթացիկ ծրագրերը և նոր նախաձեռնությունները, դրանցում Հայաստանի պետական և հասարակական կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։
ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական ուղղությունը և Հայաստան-Եվրամիություն օրակարգը։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հարցում հայկական կառույցների դերակատարությանը։
Նույն օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:
Գասպար Կարապետյանը նախարար Մնացականյանին ներկայացրեց Բրյուսելում և եվրոպական երկրներում Հայ դատի գրասենյակների գործունեությունը՝ հանգամանալից անդրադարձ կատարելով ընթացիկ ծրագրերին և համահայկական օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
ԱԳ նախարարը ներկայացրեց Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ Հայաստանի մոտեցումները։