Արցախի հարցում ՀՀ վարչապետը միջազգայնորեն ընկալելի նոր հիմնավորում է ձևակերպում. Շահան Գանտահարյան

Պատասխանելով «Նոյան տապանի»-ի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձում Արցախին վերաբերող հատվածը, Ձեր կարծիքով, համահո՞ւնչ էր արդյոք նրա մայիսյան հայտարարություններին և կառավարության ծրագրում Արցախի հարցին հատկացված բաժնին, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը պատասխանել է.
«Կարծում եմ, որ ձեր նշած երեք տեքստերում Արցախյան հակամարտության հետ կապված ասվածները փոխլրացնում են իրար, և հետևաբար, համահունչ են։ Նորությունը, որը հետաքրքիր մեկնաբանություն էր վարչապետի կողմից, վերաբերում էր ադրբեջանական կեղծ փաստարկին, երբ հայկական կողմը առաջադրում էր պաշտոնական Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան։ Պաշտոնական Բաքուն շահարկում է թեման հակաառաջարկ անելով, որի դեպքում պետք է բանակցություններին որպես ինքնուրույն կողմ՝ մասնակցեն նաև ԼՂ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:
Այս առումով այն հակափաստարկը, որ վարչապետն ասում է՝ ընդգծելով, որ ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որևէ փոփոխություն չի կրել կոնֆլիկտի պատճառով․ նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի, մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին, նախագահական ընտրություններին, Ալիևին նրանք նախագահի մանդատ են տալիս, հետևաբար, բանակցային գործընթացում այդ մարդիկ ունեն իրենց ներկայացուցչին՝ ի դեմս Ալիևի, կարծում եմ, որ լուրջ հակափաստարկ է պաշտնական Բաքվի շահարկումներին։ Եվ այստեղ վարչապետի մեկնաբանությունն օգտագործել է միջազգային հանրության կողմից ընկալված տրամաբանությունը, նորմերը, օրինաչափությունները։
Հիմա կարելի է ասել, որ ԼՂ, այսպէս կոչված, ադրբեջանական համայնքը, ի դեմս Ալիևի, մասնակցում է բանակցություններին, որի դիմաց պաշտոնական Ստեփանակերտը պետք է համալրի բանակցային ձևաչափը։ Սա կարելի է ասել քաղաքական նոր հիմնավորյալ ձևակերպում է, որը կարող է ունենալ միջազգային ընկալելիություն»։