Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք Կրասնոդարի «Վարդանյան» կենտրոնում 

Սարդարապատյան հաղթանակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը ՌԴ Կրասնոդար քաղաքի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնում սկսվեց մայիսի 13-ին, «Նարեկ»համույթի համերգով, ապա շարունակվեց անընդմեջ նորոգվող ոգևորությամբ։

Մայիսի 26-ին Թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միության հրավերով քաղաքի պարային մի շարք համույթներ միացան համահայկական «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին, և «ծավալվեց» հազարամյա «Քոչարին» կենտրոնի ընդարձակ բակում։

Մայիսի 27-ին «Արմատ» դպրոցի ավագ դպրոցական խմբերի «Ուրարտու» միավորման նախաձեռնությամբ տոնական ցերեկույթը բազում հաճելի պահեր պարգևեց աշակերտներին և ծնողներին, բարձրացրեց բոլոր ունկնդիրների հայրենասիրական ու ազգանվեր ոգին։

Մի այլ փայլատակում էր այս շարքում «Արմատ» դպրոցի տարեվերջյան համերգը, որը կրում էր «Արևին թիկնած, արևից շիկնած, արևի երկիր՝ Հայաստանս» խորագիրը։ «Արմատ» համերգային դահլիճում հավաքվել էին աշակերտներ, ուսուցիչներ, հոգևորականներ և ծնողներ։ Արդեն ավանդական դարձած հանրագումարային կանոնիկ համերգները ամեն անգամ իրենց ընդհանուր բովանդակությամբ տարփողում են հայկական կյանքի որևէ հիշարժան իրադարձություն։ Դպրոցում գործող բոլոր միավորումներն ու խմբակները ներկայացնում են ընդհանուր ասելիքը՝ մասնագիտական բնորոշ տեսակի և ոճի մեջ։ Այս անգամ տողատակ և տողերում պետականության վերականգնման արժանապատիվ զգացողության 100-ամյա խինդն ու պատասխանատվությունն էր։

Երեկոն բացեց կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Բարսեղյանը, ապա հաղորդավարներ Կարինե Եղիկյանն ու Վազգեն Աբելյանը ուղենշեցին երեկոյի գեղարվեստական ընթացքը։ Նրանց փոխարինած փոքրիկ Էրվինն ու Մարիամը էջ առ էջ թերթեցին դպրոցի առօրյան՝ բացելով բոլոր դասարանների դռները։ «Աստվածաշունչ» խմբակը մեկնաբանեց «Մոլորյալ որդու վերադարձը» բիբլիական առակը, «Խաչքար» դասարանը 100-ամյակը դիմավորեց հաղթանակները մաշտոցյան բանակով պաշտպանելու պատրաստակամությամբ, «Ուրարտուն» ոգեկոչում էր բազմավերք ժողովրդի ոգու անմահությունը, «Մեծ Մհերը» շրջանակի մեջ դրեց հայ ժողովրդի անմահ սրբությունները՝ ընտանիք, մշակույթ, ստեղծագործություն, իսկ «Սասունցի Դավիթը» նորովի հիշեցրեց Թումանյանի հեքիաթների մշտահմա իմաստությունը։ Գեղարվեստական խմբակները բեմ բարձրացրին հրաշալի երգ ու պար, իսկ «Փոքր Մհեր» միավորումը հանդիսատեսին գերեց իր գունագեղ բեմականացումներով։

Դպրոցի տարեվերջյան ասելիքը առանձնանում էր էական զուգահեռներով. մայիսյան բոլոր հաղթանակները հայ ժողովրդի կյանքում առանցքային են, վճռորոշ, ծրագրային. հայկական բոլոր կառույցները Սփյուռքում ալիքվում են ապագայի նկատմամբ հույսի և հավատի հորդացման նոր ալիքով. «Արմատ» դպրոցի հայկական մեղեդիները աստիճանաբար վերածվում են ներդաշնակ և գունագեղ համանվագի, որի մաժոր նոտան, ինչ խոսք, հայրենասիրությունն է։

Աղբյուրը՝ http://new.armenianchurchsouth.ru

Scroll Up