«Հայ ասպետ»-ի արցախյան ոգին Օդեսայում
Դեռ էն գլխից հայո՛ց հող ես, աստվածընծա՛ իմ լեռնաձոր…
Հովհ. Շիրազ
«Հայ ասպետ» հայրենագիտական խաղ-մրցույթը մեծ հեղինակություն է վայելում Օդեսայի Սուրբ Մաշտոցի անունը կրող կիրակնօրյա կրթօջախի սաների ու ծնողների շրջանում և դարձել է ցանկալի ավանդույթ։ Այս անգամ կազմակերպվել էր ղարաբաղյան շարժման 30 ամյակի կապակցությամբ և, ինչպես խորագիրն էր հուշում, նվիրված էր հայոց հնագույն բնօրրաններից մեկին՝ խորհրդավոր ու չնաշխարհիկ, ազատատենչ ու հերոսական Արցախին։ Նախաձեռնողն ու վարողը, խմբակի ղեկավար, հայոց պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանն էր։ Միջոցառումը մեկնարկեց Տերունական «Հայր մեր»-ով և հոգևոր դասի ներկայացուցչի օրհնությամբ։
«Հայ ասպետ»-ը ոչ միայն ինտելեկտուալ խաղ-մրցույթ է, նաև՝ ուսման ընթացքում ձեռք բերված գիտելիքների ստուգատես, այնպես որ մասնակիցները պատրաստվել էին ամենայն պատասխանատվությամբ և ձգտում էին ի ցույց դնել իրենց գիտելիքները։ Մրցույթի թեմատիկան ընդգրկում էր այս չքնաղ երկրամասի, այս հպարտ լեռնաշխարհի՝ Արցախի աշխարհագրական դիրքն ու տեղանունները, արցախյան պատերազմն ու անզուգական գեղեցիկ դիրք ունեցող Շուշիի փառապանծ ազաագրումը , նաև՝ արցախյան մշակույթի պատառներ։ Մեջբերվեցին նախադասություններ՝ երկրամասի անուշահամ բարբառով, ու հումորային հատվածներ։
Լարված ու հետաքրքիր պայքար ծավալվեց կարմիր, կապույտ և նարնջագույն թիմերի միջև։ Ինչպես կռահեցինք՝ անունները ներկայացված էին Հայոց երկու հանրապետությունների դրոշների գույներով, որոնցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ու պատմությունն ունի։ Մասնակիցներն ընտրում էին հայոց տառերով խորհրդանշված հարցերն ու գեղեցիկ հայերենով տալիս խոհեմ պատասխաններ, լրացնում միմյանց։ Զետեղված էին նաև նկար-հարցեր, որոնք վերաբերում էին Արցախի հոգևոր ու մշակութային գանձերին` Ամարասին, Գանձասարին, որոնց կամարների տակ հնուց ի վեր հնչում են նախնյաց հոգեթով ու ականջալուր շարականները, «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանին, որը խորհրդանշում է հայրենի հողը պաշտող արցախցու կերպարը։
Էկրանի վրա ցուցադրվեցին դրվագներ Շուշիի հերոսամարտից։ Հնչեց «Արցախ» երաժշտական ստեղծագործությունը։ Ցուցադրվեց շատ հետաքրքիր, դիտարժան խաղ, որը համեմված էր Հայոց «արևելից կողմի» գեղեցկությունն ու վեհությունը, նրա ամրակուռ, ըմբոստ ոգին նկարագրող տողերով ու տաղերով, նրա կենսասեր, սրտաբաց, հոգով՝ տոկուն բնակիչներին ձոնված երգերով։ Եվ այդ ամենը կատարեցին իրենք՝ մասնակիցները.
Մշակ է նա ու շինարար,
Բայց հասարակ մարդ մի՛ կարծիր,
Գիտնական է ու զորավար՝
Բազմավաստակ ղարաբաղցին։
Լայնորեն տարածված, քաջ հայտնի ժենգյալով հացի բաղադրությունը ներկայացվեց ոտանավորի միջոցով.
Քաղեմ, հնդրեմ, փնջեմ, կտրեմ
Տատիս ճանաչ մի բուռ կանաչ՝
Կնձմնձուկ ու թրթնջուկ,
Սպանախ, սինձ, սամիթ ու գինձ,
Առոք-փառոք, սոխ-ճռճոռոկ,
Պտուտկուն, պուտ, պառավապուրտ…
Ժյուրիի անդամներ՝ կրթօջախի տնօրեն Էլեն Պողոսյանը, հայ առաքելական եկեղեցու սպասավոր՝ Էդմոն ուրարակիր Հովսեփյանը և ՀՀ Երկրապահ կամավորականների միության անդամ՝ օդեսաբնակ Կարեն Ավետիսյանը, մասնակիցների սևեռուն հայացքի ներքո, ըստ արժանվույն գնահատեցին «ասպետիկների» հայրենագիտական «պայքարը» և պարգևեցին հավասար միավորներ։
Բարձր գնահատեց ուսուցչուհու և աշակերտների աշխատանքը դպրոցի տնօրեն տիկին Պողոսյանը, ընդգծելով, որ այս միջոցառումը հանդիսացավ արցախյան թեմայի ամփոփումը, քանզի գրական-ազգագրական ստուդիայի ջանքերով բեմականացվել է Ռուզան Ասատրյանի «Շուշի» վիպերգությունը, լույս է ընծայվել պատի թերթ՝ «Ազատ ու անկախ ի’մ Արցախ» խորագրով: Վերջինս հավելեց նաև, որ կրթօջախի բոլոր ձեռնարկումները հանդիսանում են դասապրոցեսի շարունակությունը, նպատակաուղղված են լրացնելու, հարստացնելու աշակերտների գիտելիքները, և արդյունքները գոհացուցիչ են։
Դիմելով ասպետականներին՝ պրն, Աետիսյանն էլ ասաց. «Դուք էլ արցախյան պատերազմի մարտիկների նման հերոսներ եք, քանի որ հայրենիքից հեռու հայկական դպրոց եք հաճախում, սովորում մայրենի լեզուն, պատմությունը, ճանաչում մշակույթը և ձգտում հայ մնալ… Շնորհակալություն ձեզ, ձեր ուսուցչուհուն և դպրոցին՝ հայրենասիրական այս գեղեցիկ միջոցառման համար»։
Հերոսության արժանի գործեր Օդեսայի հայկական դպրոցում հաճախակի են կատարվում։
Թիմերը պարգևատրվեցին խրախուսական հաճելի հուշանվերներով։ Բոլորի դեմքերին գոհունակության ժպիտներ էին շողշողում։
Նարինե Մուրադյան, ք. Օդեսա