Արցախի Իշխանաձոր համայնքում 50 նոր առանձնատուն է կառուցվում

Ընթացիկ տարում ԱՀ կառավարության և ‹‹Քաշաթաղ›› բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում մեկնարկել է միանգամից 50 առանձնատների շինարարությունը:

‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում Իշխանաձոր համայնքի ղեկավար Արսեն Թելունցն ասել է, որ առանձնատների առաջին տասնյակը կառուցել է ‹‹Ազգային լոտո››-ն:

Շինարարությունը հետագա տարիներին շարունակվել է ԱՀ կառավարության և ‹‹Քաշաթաղ››  բարեգործական հիմնադրամի համաֆինանսավոմամբ:

‹‹Շինարարությունը միաժամանակ մի քանի հատվածներում է իրականացվում: Թաղամասը պատրաստ լինելուն պես՝ ընտանիքները կժամանեն: Այն նախագծելիս հաշվի է առնվել նաև ենթակառուցվածքների հարցը: Արտաքին լուսավորության, ջրամատակարարման և ջրահեռացման հարցերը կարգավորված են: Առանձնատներն էլ ապահովված կլինեն բոլոր հարմարություններով: Համարյա թե 45-ի տանիքի աշխատանքներն ավարտված են: 20 բնակարանում տարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ 2 ամսից››,- նշել է Ա. Թելունցը:

Նրա խոսքով՝ վերաբնակիչների ցուցակները արդեն կան: Հայտերը հավաքագրվել են նախօրոք:

‹‹Արդեն 70 ընտանիք ուզում են վերաբնակվել, սակայն հիմնականում առաջնահերթությունը տրվելու է մեխանիզատորներին, քանի որ մասնագետների խնդիր ունենք, ինչպես նաև 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին: Ի դեպ, անցյալ տարվա 57-ի փոխարեն, այժմ դպրոցում սովորում է 110 աշակերտ: Աճը, իհարկե, երևում է և՛ ծնելիության, և՛ վերաբնակեցման բնագավառներում: Սեպտեմբերին նախատեսվում է 18-20 առաջին դասարանցի երեխաների ընդունելություն: Նախադպրոցական տարիքի 60-ից ավելի երեխա կա: Աշակետների քանակի ավելացման հետ նաև շենքային պայմանների խնդիր կլինի, քանի որ դասասենյակները փոքր են›› ,- ավելացրել է Ա. Թելունցը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ 50 առանձնատները շահագործման հանձնելուց հետո ևս 50-ի շինարարությունը կսկսվի նույն աղբյուրների ֆինանսավորմամբ:

Շինարարության, պատասխանատու Սուրեն Հովհաննիսյանի խոսքով էլ ներկայումս տարածքում աշխատում է 24 բրիգադ՝ բաղկացած 120 անձից: Նրա խոսքով՝ բնակարանները 80 և 100 քառակուսի մետր բնակտարածք ունեն: Առանձնատների կառուցումն ու թաղամասի բարեկարգումը կավարտվի ժամանակին:

Scroll Up