Զույգ խաչքարերի օծում Թեհրանի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում

Մայիսի 4-ին Թեհրանի Ազգային իշխանության, Թեհրանի Հայոց թեմի կրոնական խորհրդի, Թեմական Խորհրդի, ՀՀ 100-ամյակի հանձնախմբի, միությունների, եկեղեցիների եկեղեցական խորհուրդների և հրավիրյալների ներկայությամբ Հայոց թեմմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, քահանա հայրերի մասնակցությամբ, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու մուտքին զետեղված զույգ հսկա խաչքարերի օծման-օրհնությունը կատարեց:
Հիշեցնենք, որ զույգ խաչքարերի նվիրատուն է ազնիվ և բարեպաշտ Գրիգոր Ալեքսանյանը: Խաչքարերից առաջինը նվիրել է Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման և անվանակոչության 45-ամյակին, իսկ երկրորդը` Հայաստանի Առաջին Հանրապետության և պետության հաստատման 100-ամյակին:
Աստվածաշնչյան, Առաքելական նամակների ու Ավետարանի հատվածի ու աղոթքների ընթերցումներից հետո «Առաքելո Աղավնոյ» շարականի երգեցողությամբ Առաջնորդ Սրբազան Հայրը Մյուռոնաթափ աղավնուց Ս. Մյուռոնը սրվակի մեջ երեք անգամ հեղելուց հետո, չորս հանգրվաններով օծեց զույգ խաչքարերը «Ամեն Ալելույա» երգի ընկերակցությամբ:
Օրհնությունից հետո Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ խաչի ու Ս. Նշանի և խաչքարերի ունեցած խոր իմաստի ու զորության և դերակատարության մասին հայկական պատմության ողջ հոլովույթում: Նա իր գոհունակությունը հայտնեց այդ պատմական դեպքի համար, թե ինչպես զույգ խաչքարերը գալիս էին բացահայտելու և վկայելու այն ճշմարտությունը, որ եկեղեցին իր հաստատման առաջին իսկ պահից թև ու թիկունք է եղած իր պետականությանը, ազգին ու ժողովրդին, ինչպես նաև զորության աղբյուր և օրհնություն:
Նա իր խոսքում հատուկ կերպով գնահատեց խաչքարերի նվիրատու Գրիգոր Ալեքսանյանին՝ իր կատարած մեծապես հատկանշական նվիրատվության ու բարերարության համար, մաղթելով իրեն և իր ընտանիքի անդամներին առողջ, երջանիկ, հաջող և աստվածային օրհնություններով լեցուն կյանք: Իր խոսքում Սրբազան Հայրը գնահատեց նաև խաչքարերի քանդակող վարպետ Արտյոմին, ով Հայաստանից եկել էր այդ առիթով:
Իր խոսքում Սրբազան Հայրը գնահատեց նաև զույգ երկրների դեսպաններին, դեսպանատան անձնակազմին, որոնց համագործակցության շնորհիվ խաչքարերն առանց որևէ դժվարության և հեզասահ ընթացքով Հայաստանից անցել էին զույգ սահմանները և ապահով հասել ու տեղավորվել էին եկեղեցու բակում:
Արարողությանը մասնակցեց նաև Փարիզից հյուրաբար, որպես ուխտավոր եկած առաջնորդական փոխանորդ հոգշ. Տ. Գրիգոր աբեղա Խաչատուրյանը: Սրբազան Հայրն իր խոսքում թե Հայր Սուրբին, և թե իր հետ եկած շուրջ 30 ուխատավորներին ողջունեց և ընդունելի ուխտավորություն մաղթեց:
Իր խոսքի վերջում Սրբազանը հիշեցրեց, որ խաչքարերը Ս. Մյուռոնի օծումով իրենց նյութական վիճակից դառնում են աստվածային զորությամբ օծուն ներգործող իրականություն, որոնք իրենց մեջ ներառում են մեր անցյալը, ներկան և գալիք հզոր ու պայծառ ապագան:
Ավարտին Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդը հյուրասիրություն էր պատրաստել ներկաների համար:
Աղբյուրը՝ tehranprelacy.com