Հրաժեշտ Հրանտ Դինքի անվան վարժարանին

Ապրիլի 26-ին Կետիկփաշայի Հայ Ավետարանական եկեղեցու հարկի տակ տեղի ունեցավ Հրանտ Դինքի անվան վարժարանի 9-րդ դասարանցիների հրաժեշտի միջոցառումը՝ Վերջին զանգը՝ դասղեկ Անահիտ Պետրոսյանի անմիջական ղեկավարությամբ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Նարինե Սողոմոնյանը, բացման խոսքում վարժարանի տնօրենուհի տիկին Հերիքնազ Ավագյանը նշեց, որ թեև դժվար է բաժանվել սիրելի աշակերտներից, սակայն իրեն ուրախացնում և ոգևորում է այն հանգամանքը, որ նրանք մեկնելու են հայրենիք։ Միջոցառման ընթացքում աշակերտները վերհիշեցին իրենց ուսումնառության տարիները՝ մանկապարտեզից մինչև 9-րդ դասարան։ Երգ ու երաժշտության ելևէջներին միախառնվեցին բաժանման թախիծն ու տխրությունը։ Աշակերտներն իրենց սրտի խոսքն ուղղեցին ուսուցիչներին, հոգաբարձուներին, պոլսահայ համայնքին, որոնց միասնական ջանքերով իրենք կարողացան կրթություն ստանալ՝ գտնվելով Հայաստանից հեռու։

Խորհրդանշական նվերներ հանձնեցին տեր և տիկին Հորոզօղլուները, Դինք ընտանիքը։ Ուշագրավ էր Ռաքել Դինքի ելույթը, ով հիշեց, թե ինչպես է 8 տարեկանում այս բեմից ելույթ ունեցել։Աշակերտները տեր Շիրվան քահանայից հայրական օրհնություն խնդրեցին՝ կարևորելով հոգևոր խորհուրդն ու դասն իրենց կյանքում։

Անուրանալի է Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուի դերը, ով տարիներ շարունակ այս հյուրընկալ հարկի տակ ընդունել ու ճանապարհել է մեր հայորդիներին։Հատկապես ազդեցիկ էր միջոցառման ավարտը, երբ աշակերտները կամավոր պարուսույց պարոն Հակոբի հետ ոգևորիչ պարով մեծ խանդավառություն առաջացրին դահլիճում։

Շուտով մեր աշակերտները մեկնելու են Հայաստան և, մասնակցելով պետական քննություններին, ստանալու են իրենց վկայականները : Բարի՛ ճանապարհ դեպի հայրենիք…

Scroll Up