Աջակցություն Արցախի պահեստազորային սպաներին

Ապրիլի 28-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի մասնակցությամբ մեկնարկել է պահեստազորային սպաներին մեղվափեթակների տրամադրման ծրագիրը, որը նախաձեռնել է «Հանի Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, ծրագրի առաջնային նպատակն է՝ լուծել թոշակի անցած սպաների զբաղվածության խնդիրը՝ նոր թափ տալով մեղվաբուծության զարգացմանն Արցախում:

Ըստ ծրագրի պատասխանատուների՝ սկսնակներին կտրամադրվի 20 մեղվաընտանիք, իսկ փորձառուներին՝ 40 մեղվաընտանիք: Արցախի մեղվապահների ասոցիացիան պարբերաբար վերապատրաստումներ կկազմակերպի ու փորձի փոխանակման հնարավորություն կստեղծի ծրագրի մասնակիցների համար:

«Մաքուր մեղր արտադրելու համար Արցախն ունի համապատասխան բնակլիմայական պայմաններ, և արդեն ժամանակն է, որպեսզի մեր արտադրանքը իր տեղն ունենա նաև արտաքին շուկայում»,- նշել է Տիգրան Առստամյանը:

Ծրագրի պատասխանատուներն էլ իրենց հերթին ավելացրեցին, որ մեղրն իրացման խնդիր չի ունենա:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է պետական աջակցությամբ:

Scroll Up