Ստեփանակերտի թատրոնը կվերանորոգվի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/04/84240.jpg)
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի նորոգման նախագծային փաստաթղթերի մշակումն ընթացքի մեջ է:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն՝ ընդգծելով, որ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Արցախ, իմ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» բարեգործական ծրագրի շրջանակում մի շարք համերգների և ներկայացումների տոմսերի վաճառքից ստացված հասույթը տրամադրվում է Ստեփանակերտի թատրոնի վերանորոգմանը:
Նախարարի խոսքով՝ «Արցախ, իմ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» նախաձեռնությունը միակ և հիմնական ֆինանսական միջոցը չի լինելու թատրոնի վերականգնման աշխատանքների համար: Սա նաև հասարակությանը գործընթացի մեջ ներգրավելու և հետագայում ֆինանսական այլ աղբյուրներ ընդգրկելու միտում ունի:
«Ստեփանակերտի թատրոնի վերանորոգման նախագծային փաստաթղթերի մշակման գործընթացն արդեն սկսված մեջ է: Այն շուտով կավարտվի և կհրապարակվի վերանորոգման թվային պատկերը: Շենքի վերանորոգման հարցը մեր երկրի, հատկապես՝ Ստեփանակերտի բնակիչների համար շատ կարևոր է: Երբ Արցախը բռնակցված էր Ադրբեջանին, հայկականությունը պահպանող սակավաթիվ օջախներից մեկը Ստեփանակերտի թատրոնն էր, որն այն ժամանակ կրում էր Մաքսիմ Գորկու անունը: Թատրոնի շենքը կառուցվել էր 1952 թվականին համաժողովրդական ջանքերով»,- ասել է Շահվերդյանը՝ հույս հայտնելով, որ այս անգամ էլ միասնական ուժերով փորձելու են վերակենդանացնել արցախցիների սիրելի մայր թատրոնը: