Իրանահայ երեք թեմերի երիտասարդների մասնակցությամբ Նոր Ջուղայում կայացավ «Պատուհան» ճանաչողական ֆորումը

Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Նոր Ջուղայի հայ մարզամշակութային «Արարատ» միության սրահում կայացավ «Պատուհան» խորագիրը կրող ճանաչողական ֆորումը, որին իրենց մասնակցությունն էին բերել 17-ից 35 տարեկան շուրջ 120 երիտասարդ` Թավրիզից, Ուրմիայից, Թեհրանից, Շահինշահրից և Նոր Ջուղայից:

Միջոցառման պաշտոնական բացումը կատարվեց առավոտյան ժամը 9:30-ին: Բացման հանդիսության բաժնում հնչեց կազմակերպիչ հանձնախմբի խոսքը` Անասիկ Ծառուկյանի միջոցով, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քեչեջյանի նախագահությամբ արտասանվեց «Տերունական աղոթք»-ը, երիտասարդության զարգացման և ազգային կյանքում նրանց ներգրավվածության ուղղությամբ Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհրդի նախագծի մասին ընդհանուր ծանոթացումներ տվեցին նույն խորհրդի անդամներ Սոնիկ Բաղումյանն ու դոկտ. Նորայր Թումանյանը, իսկ ֆորումի նախապատրաստական աշխատանքների ու ծրագրի մասին բացատրությամբ հանդես եկավ մեդիա դաշտի մասնագետ, ՀՀ հանրային հեռուստատեսության արտաքին բաժնի կապերի ղեկավար և սույն ֆորումի համակարգող Էրիկ Անթառանյանը:

Այս ծրագրի համար Հայաստանից հրավիրվել էին տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիա դաշտի, կիբեռ անվտանգության և կառավարման բնագավառների փորձառու մասնագետներ և կենտրոնների ղեկավարներ` Արաքսյա Մարտիրոսյանը, Սամվել Մարտիրոսյանը, Ամալյա Ղարաքեշիշյանը և Իզաբելլա Մանասարյանը: Մասնագետներն առանձին ելույթներ ծավալեցին իրենց ոլորտի վերաբերյալ, ապա վարեցին նախատեսված 10 աշխատանոցները:

Հանձնախմբի հրավերով Նոր Ջուղա էր ժամանել նաև «Ալիք» օրաթերթի կայքի խմբագիր Արամ Շահնազարյանը, որը պրն. Անթառանյանի հետ միասին օժանդակեց մասնագետների աշխատանոցներն առավել աշխույժ վարելու գործում:

Աղբյուրը՝ norjugha.ir

Scroll Up