Հայ երգի հաղթանակը Հորդանանում

2018 թ-ի փետրվարը բեկումնային էր Հորդանանի «Վարդավառ» երգչախմբի համար։ Միասանական համերգի առաջարկ էր ստացվել Հորդանանի հանրաճանաչ «Դոզան ու աութար» երգչախմբի կողմից։  Եվ թեպետ իր ստեղծման օրվանից (2016 թ. հունվարի) «Վարդավառը» հասցրել էր  3 մենահամերգ ունենալ, սակայն այս մեկը յուրօրինակ էր լինելու. ներկայանալու էր բոլորովին նոր լսարանի առաջ և այն էլ՝ արհեստավարժ խմբի հետ։ Անշուշտ, պատվաբեր էր նույն բեմում հանդես գալ մի երգչախմբի հետ, որը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է  և պարգևատրվել է անձամբ ՀՀԹ-ի թագավոր Աբդալլա 2-րդի կողմից, բայց նաև բարդ ու պատասխանատու։

 Համերգը պատվաբեր էր լինելու նաև «Վարդավառի» հիմնադիր-ղեկավար Վարդուհի Թորոյան-Ներսեսյանի համար՝ որպես երգահանի։ Առաջին անգամ արաբական երգչախմբի շուրթերից պիտի հնչեր նրա հեղինակած «Արթնացում» երգը (խոսք՝ Լիլիթ Մարգարյանի), Հորդանանի առաջատար երգչախումբը պիտի երգեր Հայերեն և, ավելին, ցանկություն պիտի հայտներ կրկին հանդես գալու միասնական համերգներով՝ երգացանկում, անշուշտ, ընդգրկելով հայկական երգեր։

Արդեն «Վարդավառի» 2-րդ մենահամերգից հետո «Դոզան ու աութար»-ի երաժշտական ղեկավար Նեդի Մունան հիացած էր հայկական ոսկեղենիկ երգերով։  «Չքնաղ ու հուզիչ է հայ երգը։ «Երևան-Էրեբունին» լսելիս արցունքներս չէին դադարում, իսկ «Արթնացումը» կցանկանայի՝ հնչեր մեր կատարմամբ ևս»։ Այսպես սկիզբ դրվեց համատեղ ծրագրին։

 Փետրվարի 6-ին ,7-ին և 8-ին կայացավ համերգաշարը, որին ներկա էր նաև հորդանանահայ համայնքի առաջնորդ Ծայրագույն Վարդապետ Հայր Ավետիս Իփրաճյանը։

 «Արթնացումը» հնչեց 2 երգչախմբերի միացյալ կատարմամբ և «Քինգ Հուսեին» հիմնադրամի մշակույթի և արվեստի ազգային կենտրոնի բալետի ուսուցչուհիներ Սինդիա և Կասիա Թոքաջյան քույրերի պարային կատարմամբ (հենց նրանք են պարային ձևավորման հեղինակները)։ Հորդանանի սիմֆոնիկ նվագախմբի վաստակաշատ հոբոյահարուհի Թալին Շեհրանյանի թովիչ նվագակցությամբ  Վարդուհի Թորոյան-Ներսեսյանը կատարեց իր «Աշնան վերջերգը»։

Դահլիճը ցնծությամբ ընդունեց Կոմիտասյան «Զար-զընգըն» ։ Աշխարհահռչակ արաբ երգչուհի Ֆեյրուզի «Սահար ալ լայալի» երգի բազմաձայն կատարումը (հեղ՝ Ռահբանի եղբայրներ, մշակումը՝ Վարդուհի Թորոյան-Ներսեսյանի) ապշեցրեց արաբ հանդիսատեսին։

«Վարդավառի» ելույթն ավարտվեց «Երևան-Էրեբունի» հանրահայտ երգի հզոր և քնքուշ հնչյուններով։

Համերգի վերջում 3 երգչախմբերը միասին կատարեցին «Խալլինա նիմշի» (թարգմ․՝ «Եկեք քայլենք») գեղեցիկ և խորհրդավոր երգը (մշակումը «Դոզան ու աութար» երգչախմբի հիմնադիր-ղեկավար Շիրին Աբու Խադրի)։

Համերգին մասնակցում էր նաև «Հարմոնի օֆ լայֆ» երգչախումբը, որի անդամներից մեկը, ի ուրախություն մեզ, հայ է։

Մեծ պատիվ էր բարձր գնահատականի արժանանալը Հորդանանի երգչախմբային արվեստի զարգացման մեջ հսկայական ավանդ ունեցող հանրահռչակ խմբավար Սամիա Ղաննումի կողմից։

 «Վարդավառն» իր գեղեցիկ կատարումներով բարձր պահեց թե՛ իր անունը Հորդանանի երգչախմբային միության մեջ, թե՛ Հայի անունը՝ օտարների շրջանակում։

Գալիքի նորանոր ծրագրերով և Հայ երգի հաղթարշավի ակնկալիքով՝

Հորդանանի «Վարդավառ» երգչախումբ

   

Scroll Up