Արցախի թեմի առաջնորդն այցելել է Գլենդելի «Դավթյան-Մարիամյան» կրթական հաստատություն

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով Գլենդելում էր գտնվում մասնակցելու Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարություններին, մարտի 12-ին այցելել է Գլենդելի քաղաքի Բալբոա տարրական դպրոցի` «Դավթյան-Մարիամյան» կրթական հաստատության հայոց լեզվի և մշակույթի դասարաններ:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, դպրոցի մուտքի մոտ հյուրին  աղուհացով դիմավորել են աշակերտները, ինչպես նաևԳլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը, «Դավթյան-Մարիամյան» կազմակերպության նախագահ Վահիկ Ծատուրյանը, կազմակերպության տնօրեն  Օֆելյա Ծատուրյանը, Բալբոա դպրոցի տնօրեն դոկտոր Սոնա Առաքելյանը, Գլենդելի պետական դպրոցների խորհրդի անդամ Արմինե Կարապետյանը և Գլենդելի Հայ դատի հանձնախմբի  ներկայացուցիչ Արթին Մանուկյանը:

Վահիկ Ծատուրյանը, ողջունելով Սրբազան Հորը, հանգամանալիորեն ներկայացրել է դպրոցի ծավալած գործունեությունն ու  հայ երեխաների հոգում հայրենասիրություն սերմանելու նպատակով կատարված ծրագրերը` իր խոսքում մասնավորապես անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարության հետ ձևավորած տարիների սերտ, արդյունավետ համագործակցությանը:

Պարգև սրբազանը դպրոցի տնoրինության հետ շրջել է դասարաններով, որտեղ աշակերտները բարեողջույնի խոսքեր են ասել նրան և խանդավառված  Հայաստանի, Արցախի մասին բանաստեղծություններ արտասանելուց բացի, նաև տեղեկություններ հաղորդել Արցախյան պատերազմի հերոսական էջերից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Արցախի թեմի առաջնորդը բարձր է գնահատել «Դավթյան-Մարիամյան» կազմակերպության ողջ անձնակազմի, հատկապես մանկավարժների`ամերիկահայ երեխաների շուրջ Մայրենիի, ազգային ինքնության պահպանման, հայեցի կրթություն և դաստիարակություն տալուն ուղղված նրանց բարեխիղճ աշխատանքը և հորդորել նույն նվիրումով օտար ափերում շարունակել իրենց աստվածահաճո առաքելությունը:

Սրբազան Հայրը օրհնել է աշակերտներին և մաղթել` Արցախյան պայքարի ոգին մշտավառ լինի նրանց հոգիներում, որից հետո միասնաբար աղոթել են հայ ժողովրդի խաղաղության և հայոց սահմանների անսասանության համար: Հանդիպման վերջում Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ կրկին այս հայաշունչ հաստատությունում լինելու հնարավորություն կունենա:

Հավելենք, որ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումները  կազմակերպվել էր Գլենդելի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:Կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու նպատակով հայկական ազգային 24 կազմակերպություններից  ստեղծվել էր հատուկ հանձնախումբ, որի կազմում ընդգրկված էր նաև «Դավթյան-Մարիամյան» կազմակերպությունը:

       

 

Scroll Up