«Արի տուն» ծրագիրը 10 տարեկան է.հայտադիմումների գրանցումը շարունակվում է

ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,
ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը: 2018-ը «Արի տուն»-ի համար հոբելյանական է. լրանում է ծրագրի 10 տարին:
Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:
Ծրագիրը 2018թ. մեկնարկում է հունիսի 17-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ հյուրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում): Ծրագրին կարող են մասնակցել 13-17 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:
Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հյուրընկալվել բարեկամների տանը, իսկ նրանց բացակայության դեպքում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ընտրված ընտանիքներում:
Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նաև անհատապես՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառույցին: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:
«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ, այցելություններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական, մարզական ծրագրեր. հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ և այլն: Պտույտների ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով նրանց ուղեկցելու են բժիշկ և ոստիկանական անձնակազմ:
Կից կարող եք ներբեռնել ծրագրին մասնակցելու և հյուրընկալող ընտանիքների հայտադիմումները: