Հայերի կերպարը Կանադայում. ոչ միայն Հայոց Ցեղասպանությունով, այլև դրան հաջորդած 900 օրերի զարթոնքով. Գիտաժողով հայաշատ քաղաքներում

Վարդուհի Արզումանյան

Օտտավա, Մոնրեալ, Տորոնտո (Նորանոր) _ Հայոց Ցեղասպանությունից պետականություն անցումը արագ էր, իսկ Առաջին Հանրապետության օրերը՝ կարճատև. Ընդամենը 900 օր. Այդ օրերի պատմությունն է վեր հանում Կանադայի Արմեն-Գարո ուսանողական միության նախաձեռնությունը՝ «Ցեղասպանությունից Պետականություն. Հանրապետության 900 օրերը» խորագիրը կրող գիտաժողովը:

Նախաձեռնությունը համախմբել է Մոնրեալ, Տորոնտո և Օտտավա քաղաքների ուսանողական բոլոր միությունները՝ կոչ անելով երիտասարդներին ոգևորել Հայոց պատմության այս կարևոր շրջանի պատմությանը պատշաճ կերպով ծանոթանալու հարցում: Իսկ որ պատմությունը ներկայացվելու է գիտական բարձր մակարդակով, այս մասին վկայում է մասնակիցների ցանկը: 900 օրերի ձեռքբերումներն ու նշանակալի դերակատարումը Հայոց պատմության հետագա ընթացքի վրա ներկայացնելու են խոշորագույն ակադեմիկոսներ՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, լրագրող, պրոֆեսոր Վիգեն Չըթերյանը և գրող, հրապարակախոս Ռուբինա Փիրումյանը:

ՄՈՆՐԵԱԼԻ ՀԱՄԱՅՆՔԸ՝ 3 ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Մոնրեալը, որը Կանադայի ամենամեծ հայկական համայնք ունեցող քաղաքներից է, ունի 3 հայ ուսանողական միություններ, բուհերում հայ երիտասարդները քիչ թիվ չեն կազմում: Մոնրեալի համալսարանի հայ ուսանողական միության ատենապետ Արևիկ Աֆարյանը ուրախությամբ է նշում, որ հայ երիտասարդները բավական ակտիվ են, իսկ այս միջոցառումը համախմբել է շատերին: Ավելի քան 100 ուսանողների ներկայությունը գիտաժողովին արդեն հաստատված է.

«Ասիկա ցույց կու տա, որ հայ երիտասարդները հետաքրքրված են, որովհետև շատ անգամ կթվա, որ հետաքրքրված չեն: Այս անգամ մարդիկ ավելի կարծես թե կցանկանան ներկա ըլլան: Ինչո՞ւ, հայերը շատ Ցեղասպանության մասին կխոսին, բայց բավարար չեն խոսի հետագա պատմության մասին, քանի մը տարի Հայաստանն ինչ վիճակի մեջ էր»,-նշում է Արևիկ Աֆարյանը:

Սա մի շրջան է, որի մասին գոնե Սփյուռքի շատ գաղութներ ամբողջովին տեղեկացված չեն, Առաջին Հանրապետության տոնն էլ նույնկերպ չի նշվում, որքան Հայոց Ցեղասպանության տարելիցը: Տեղի են ունենում քայլերթներ, երեկոներ, սակայն առաջին անգամ է նման գիտաժողով ացկացվում:

«Նպատակ ունի երիտասարդներուն բացատրել, թե ինչպես Առաջին հանրապետությունը հիմնվեցավ: Մենք անշուշտ կտոնենք Առաջին Հանրապետության տոնը, ձեռնարկ մը կնվիրենք, բայց համալսարանական աշխարհի մեջ տեղի չի ունենա: Կարծեմ առաջին անգամն է, որ Հանրապետության համար ասանկ ձեռնարկ մը կա, կարևոր է, որ իմանանք՝ երկիրը ինչպես ոտքի կանգնեց»,-ասում է ուսանողական միության ատենապետը:

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՕՏԱՐԱԶԳԻՆԵՐԸ

Որքան հայ երիտասարդների տեղակացված լինելն է կարևոր, նույնքան էլ օտարազգի մասնագետների, ովքեր ևս մասնակցության հատուկ հրավերք են ստացել: Ուսանողների մտավախությունը, թե նրանց կողմից կարող է մերժվել մասնակցության հրավերը, փարատվել է, երբ դրական արձագանքներ են ստացել: Ակտիվ ուսանողուհին պատմում է.

«Մենք բավական օտար ուսուցիչ գրեցինք այս նյութի մասին, ու ամենեն պատասխաններ ստացանք, որ շատ հետաքրքրված են: Կարծեմ իրենց համար կախում ունի իրենց ճյուղը, ոլորտը, փաստաբանների համար հետաքրքիր է լինելու նրանով, որ ինչպես երկիր մը, որ զրոյեն ետք ոտքի ելավ, ինչպես կրցավ նոր հանրապետություն հիմնել, պատմաբանների համար թե ինչպես հայերը կրցան քով քովի գալ: 1918թ-ի Հանրապետությունը որ մեջտեղ ելավ, դեմոկրատիկ կհաշվվի այդ թվականի համար, կիները գործի իրավունք ստացան, այնուհետև Հայաստանը ռուսական ազդեցության տակ ընկավ, սովետական միության տակ ընկավ, այս բոլորը մեզ համար հետաքրքրական է»:

Ի՞ՆՉ Է 900 ՕՐԸ

«Մենք գիտենք, որ Հայոց առաջին հանրապետությունից հետո սովետական կարգերը հաստատվեցին, այդ ժամանակաշրջանը կարճ էր, երկու-երեք տարի, և այդ ձևով փորձեցինք մենք 900  օր ըսել, որ մարդիկ իրենք հետաքրքրվին, թե ինչ է աս 900 օրը, ինչու այսքան կարճ է, հետաքրքրություն ըլլա, որ մասնակցին, տեսնին ինչ է, ու օտարներն էլ ներկա գտնվին: Դժբախտաբար անոնք շատ չգիտեն այդ պատմության մասին, գիտեն Ցեղասպանության մասին, բայց կուզենք տեղեկացնել, թե ինչպես ոտքի կկանգնի պետությունը, և ինչու կտոնենք այս տարի»,-լրացնում է Սարգիս Կիդանյանը:

 

Սարգիսը Տորոնտոյի Սքարբորոյի համալսարանի Հայ ուսանողական միության ատենապետն է, վստահեցնում է, որ արդեն իսկ հետաքրքրությունը մեծ է միջոցառման հանդեպ, թեև չի ժխտում, որ հայ ուսանողների թվում էլ կան երիտասարդներ, որոնց քիչ են հետաքրքրում հայոց պատմության այս դասերը.

«Ամեն մարդ իր փափագը ունի՝ ըլլա հայության պատմության, ըլլա այլ, այո, կան այդպիսի հայեր, ուրիշ տեղեր ալ կան, բայց մենք ամեն բան կընենք, որ որևէ նյութ, որ կներկայացնենք, հաճելի ըլլա: Եթե չոր թիվեր ըլլան, եթե մարդիկ կան, որ հայկական պատըմություն կուզեն գիտնալ, պիտի չոր թիվով չհետաքրքրվին, բայց մենք կփորձենք հաճելի ըլլալ բոլորի համար»,-վստահեցնում է Տորոնտոյի ներկայացուցիչը:

Այստեղ շատ ավելին է ուսանողնական միությունների թիվը, իսկ գիտաժողովը մեծ մասին ոգևորել է, հետևաբար արդեն 180-200 մարդու ներկայություն են ակնկալում: Շատ երիտասարդներ ոչ միայն ներկա գտնվելու, այլև կազմակերպչական աշխատանքներում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել:

ՔԻՉ, ԲԱՅՑ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ

Կանադայի մայրաքաղաքը ևս քիչ թվով մասնակիցների չի սպասում միջոցառմանը: Գևորգ Եգանյանը, ով Օտտավայի հայ ուսանողական միության ատենապետն է, վստահեցնում է, որ մոտ 200 անձինք կմասնակցեն, որքան էլ որ այս համայնքը մյուս հայաշատ քաղաքների համեմատ մշտապես ուսանողների թվի խնդիր է ունեցել:

«Օտտավայի հայ համայնքը շատ մեծ չէ,  հետևաբար երիտասարդներն էլ շատ չեն: Սա միշտ եղել է Օտտավայի Հայ ուսանողական միության խնդիրը, բայց վերջին տարիներին մենք կարողացել ենք ակտիվացնել հայ երիտասարդներին, գրանցել ենք ուսանողների թվի աճ ուսանողական միությունում: Քիչ ենք թվով, բայց բավականին համախմբված ենք: Դա երևում է միջոցառումներ անցկացնելիս: Դժվարություններ կան, սակայն մենք կարող գործադիր անդամներ ունենք, ովքեր ամեն ինչ անում են, որ հայ ազգը բարձր մակարդակով ներկայանա Օտտավայում»,-վստահեցնում է երիտասարդը:

Մասնակիցներից 50-ը ուսանողներ կլինեն, դա արդեն իսկ լավ ցուցանիշ է: Գևորգ Եգանյանը ևս հաստատում է ուսանող ընկերների կողմից բարձրացված խնդիրը.

ՀԱՅԵՐԻ ԿԵՐՊԱՐԸ

Եթե Կանադան հարուստ տեղեկություններ ունի Հայոց Ցեղասպանության մասին, ամենաբարձր մակարդակով ճանաչել է այն ու ամեն տարի հարգում է զոհերի հիշատակը, ապա դրան հաջորդող լուսավոր էջերի մասին տեղեկությունները թերի են, հետևաբար այսօր, Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթն օգտագործելով, հենց այդ էջերն են ներկայացնում կանադացիներին:

«Կանադան բավական տեղեկացված է Հայոց պատմության այդ հատորին, բայց ինչ վերաբերում է պետականության զարթոնքին, կարծում եմ, որ սա շատ կարևոր է, քանզի Ցեղասպանությունը հանդիսանում է օտարազգիների համար հայերի նույնականացման հիմնական փաստը, ինչը վատ չէ, իհարկե, սակայն հայերի կերպարը միայն Ցեղասպանությունով չէ, և սա հոյակապ առիթ է ներկայացնել Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Օրինակ, շատ քչերը գիտեն, որ Հայաստանը այն առաջադեմ երկրներից մեկն էր, որը կանանց ընտրության հավասար իրավունք տվեց, նույնիսկ Կանադայից շուտ»,-նշեց Եգանյանը:

Scroll Up