Գեղարքունիքում շուքով նշվեց Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձը

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցի նախաձեռնությամբ շուքով նշվեց Հայաստանի եւ Արցախի հերոս սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները եւ անդամները, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչները եւ ստորաբաժանումները, ԵԿՄ Գավառի, Սեւանի, Մարտունու, Ճամբարակի եւ Վարդենիսի տարածքային կազմակերպությունների ավագ, երիտասարդ ու պատանի երկրապահները, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հուշարձանին, ապա Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ ու աղոթքով հարգեցին սպարապետի, Արցախի եւ Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը: Օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց եւ հայրենիքի պաշտպանության դիրքերում զոհված հայորդիների հոգիներին խաղաղություն մաղթեց Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Ապա Գավառի կենտրոնական հրապարակում կազմակերպվեց շքերթ ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԻՆ եւ ԵԿՄ մարզային ստորաբաժանումների մասնակցությամբ: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձն ընթերցեց ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցի նախագահ Բագրատ Հարությունյանը: Վերջինիս առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վազգեն Սարգսյանի եւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը: «Լրացավ Արցախյան շարժման 30 տարին, շարժում, որի ակնառու դեմքերից մեկն էր լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանը:
Նրա ջանքերով հիմնադրված երկրապահը խիզախորեն նետվեց Արցախյան գոյամարտի կրակներում ու կերտեց անշրջելի հաղթանակը: Ավելին, անցած 30 տարում մենք ունեցանք անհաղթ Հայոց բանակը, որը կարողացավ թշնամուն պարտադրել խաղաղություն: Այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Հայաստանով ու Արցախով մեկ Երկրապահի շարքերն երդումով համալրում են հազարավոր պատանիներ ու աղջիկներ, ովքեր մեր հողի վաղվա հուսալի պաշտպաններն են լինելու:
Անկասկած, մենք իրականություն ենք դարձրել Վազգեն Սարգսյանի ցանկությունը, այն է՝ հայրենասիրության ներարկումը մատաղ սերնդի հոգիներում: Պատահական չէ, որ այսօր Երկրապահների 70 հազարից ավելի անդամներից 28 հազարը պատանի երկրապահներն են: Փա՜ռք այն հերոսներին, մարտիկներին ու գործիչներին, որոնց ջանքերի շնորհիվ մենք կերտեցինք մեր հաղթանակները, կայացրինք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Փա՜ռք Վազգեն Սարգսյանի հերոսական գործին ու նրա կռած Երկրապահի անցած ճանապարհին»,-ասված էր ողջույնի խոսքում: Ներկաներին ողջունեց եւ Վազգեն Սարգսյանի հերոսական կյանքի, երկրապահի մերօրյա առաքելության մասին խոսեց ԵԿՄ Գեղարքունիքի երիտասարդական կառույցի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը: Ցուցադրական վարժություններով հանդես եկան Գեղարքունիքի մարզի տարբեր տարածաշրջանների պատանի երկրապահները: Հայրենասիրական երգեր հնչեցրին Կարմիրգյուղի պատանի երկրապահները:
Խոսրով Խլղաթյան