Տիգրան Համասյանը հավակնում է հեղինակավոր ECHO Jazz Awards մրցանակին

Հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը հավակնում է հեղինակավոր ECHO Jazz Awards 2018 մրցանակին, որը սահմանել է Գերմանիայի ձայնագրման ակադեմիան:
Համասյանը առաջադրվել է Piano Internationalանվանակարգում An Ancient Observer ալբոմի համար, գրում է Nonesuch Records-ը: Ալբոմում 10 նոր կոմպոզիցիա կա, որից 2-ը հիմնված են հայկական մեղեդիների վրա: Դաշնակահարի այդ ալբոմը մտորումներ են երաժշտին շրջապատող աշխարհի, ընթացիկ իրադարձությունների և խորքային պատմական կապերի մասին:
Հաղթողը հայտնի կդառնա մարտի 12-ին, իսկ հանդիսավոր մրցանակաբաշխությունը կանցկացվի մայիսի 31-ին Համբուրգում:
2016-ին Համասյանն արժանացել է ECHO Jazz Awards 2016-ի մրցանակին «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) անվանակարգում Mockroot ալբոմի համար: «Mockroot ալբոմը թողարկած Nonesuch լեյբլն էր դիմել մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, որին հարյուրավոր երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներ են մասնակցում:»,- ասել էր երաժիշտը:
Գերմանական Deutsche Phono ձայնագրության ակադեմիայի սահմանած ECHO Jazz Awards-ն անցկացնում է 1992-ից սկսած, ամեն տարի: