«Made in Artsakh». Ստեփանակերտում արցախյան արտադրության ապրանքների մասնագիտացված խանութ է բացվել

 Մարտի 1-ին, Ստեփանակերտի «Սոֆիա» առևտրի սրահի առաջին հարկում բացվել է արցախյան արտադրության ապրանքների մասնագիտացված խանութ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը պատկանում է «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա»-ին:

Միջոցառմանը ներկա ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ասել է, որ նման նախաձեռնությունները թե՛ Արցախում, թե՛ Արցախի սահմաններից դուրս հնարավորություն են տալիս ներկայացնելու տեղական արտադրանքը:

«Անշուշտ տեղական արտադրությունն ավելի նախապատվելի է: Այն հանդիսանում է տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացման հենք: Ուզում եմ շնորհավորել նախաձեռնության հեղինակներին: ԱՀ կառավարությունը, երկրի իշխանությունները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում գործող ծրագրերի բնականոն աշխատանքը և աջակցում այդ ծրագրերին, ինչպես նաև  մասնակցում նոր գաղափարներ ստեղծող անհատների ծրագրերի իրագործմանը»,- մասնավորապես նշել է Լ. Գրիգորյանը:

«Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա»-ի նախագահ, «Արցախբերի» պահածոների գործարանի տնօրեն Էրիկ Մկրտումյանն էլ ասել է, որ գաղափարն առաջացել է աոցիացիայի բոլոր անդամների հետ հանդիպումների ժամանակ, ովքեր ցանկություն են հայտնել, որ այնպիսի խանութ լինի Արցախում, որտեղ ներկայացված կլինեն  Արցախի բոլոր արտադրողները: Նպատակն է միավորել արտադրողներին և ստեղծել պայմաններ՝ իրացնելու իրենց արտադրանքը: Խանութի նպատակն է նաև, որպեսզի Արցախ այցելած զբոսաշրջիկը մի կետից կարողանա ձեռք բերել իրեն անհրաժեշտ արցախյան արտադրության ապրանքները»,- նշել է Է. Մկրտումյանը՝ հավելելով, որ խանութում այս պահին ներկայացված է 35 ընկերությունների արտադրանք:

Խանութում առանձին տաղավարով ներկայացված է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից արտադրված պահածոների տեսականին:

Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն ասել է, որ ներկայացված արտադրանքն աճեցված է Արցախում, հիմնականում՝ Մարտակերտի շրջանում: Նրա խոսքով՝ ամբողջ տեսականին էկոլոգիապես մաքուր է, քանի որ դեռևս աճեցման պահից մեծ ուշադրություն են դարձնում պտուղ-բանջարեղենի մաքուր մշակությանը: «Մենք աշխատում ենք հնարավորինս քիչ քիմիական պարարտացում անել, և հիմնականում կիրառվում է օրգանական բնական պարարտացում: Այնուհետև ուսանողները ստեղծում են նոր արտադրանք՝ ոչ միայն բանջարեղենի, այլ նաև ձկան, մսի 68 տեսակի տարբեր պահածոներ»,- նշել է Հ. Թոքմաջյանը և ընդգծել, որ արտադրանքն ուսումնական գործընթացի մի մասն է, և այս առումով համալսարանի նպատակն է անընդհատ կատարելագործել ուսանողներին:

Scroll Up