Վատիկանում կբացվի Գրիգոր Նարեկացու արձանը

Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում պատրաստվում է 10-րդ դարի հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու արձանը:
Հայերն այսօրը, հղում կատարելով Կանադայի Հորիզոն շաբաթաթերթին, հայտնում է, որ քանդակը նվեր է Հռոմի պապին և տեղադրվելու է Վատիկանում: Քանդակի հանդիսավոր բացումը կայանալու է ապրիլի 5-ին: Այս մասին չեխական լրատվական գործակալությանը հաղորդել է քանդակի հեղինակ Դավիթ Բաբայանը:
Ֆրանսաբնակ 77-ամյա քանդակագործ Դավիթ Բաբայանի (Դավիթ Երևանցի-Հ.Ա) աշխատանքներին կարելի է ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում:
Ինչպես նկարագրում է աղբյուրը, բրոնզե քանդակի բարձրությունը 2 մետր է: Գրիգոր Նարեկացին պատկերված է տպավորիչ մորուքով, գլուխը վեր բարձրացրած, որը լրացվում է գրքի, նռան և հայկական եկեղեցիների մոտիվներով;
Պարբերականի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ասել է, որ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը նախկինում Սբ. Գրիգոր Նարեկացու փոքրիկ արձան է նվիրել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, որը շատ է դուր եկել նրան: Նախագահն առաջարկել է քանդակագործին ավելի մեծ արձան քանդակել ու Հայաստանի անունից նվիրել Հռոմի Պապին:
Քանդակագործի խոսքով՝ ամենաբարդը Նարեկացու ոգին արտահայտելն է:
Հավելենք, որ 2015-ի փետրվարի 23-ին Ֆրանցիսկոս պապը Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ: Այդ տիտղոսը տրվում է ընտրյալ սրբերին, որոնց ուսուցումն ու կյանքը յուրահատուկ կարևորություն ունեն Կաթոլիկ եկեղեցու համար: