Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի առաջին կիրակին է: Բարեկենդան՝ նշանակում է բարի կենդանություն: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Ադամն ու Եվան նախ բնակվում էին դրախտում՝ վայելելով Աստծո ներկայությունը: Աստված միայն մի բան էր պատվիրել նրանց ՝ չուտել Եդեմի պարտեզի բարու և չարի գիտության ծառից (Ծննդ. 2:16): Սակայն Ադամն ու Եվան խախտում են պահեցողությունն ու, ճաշակելով արգելված պտուղը, կորցնում են դրախտը:
Ադամի և Եվայի դրախտային երանությունն է հիշատակվում Բուն Բարեկենդանի օրը: Այն հավատացյալին հիշեցնում է դրախտային անհոգ ու երջանիկ կյանքի մասին, որն Ադամի ու Եվայի համար բարի կենդանություն էր՝ Տիրոջ ներկայությամբ: Մեծ Պահքը հուշում է, թե ինչպես կարելի է վերադարձնել հավիտենական ուրախությունն ու Աստծո ներկայությունը, որպեսզի Տիրոջ «Ո՞ւր ես» հարցին պատասխան ունենանք և Ադամի նման չթաքնվենք:
Բուն բարեկենդանի օրը մարդիկ ուրախ տոնախմբություններ են կազմակերպում: Սակայն ինչքան էլ Բուն Բարեկենդանը պահքի օր չէ, միևնույնն է, այդ օրը եկեղեցին տուրք չի տալիս ճոխ ու առատ սեղաններին: Աստվածաշնչում ասվում է. «Որդյա՛կ, եթե մեղր գտնես, չափո՛վ կեր. չլինի թե հագենաս և փսխես» (Առակներ 25:16): Սողոմոն Իմաստունի խոսքերը, բնականաբար, միայն մեղրին չեն վերաբերում: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը, այլ պետք է ժուժկալությամբ պատրաստվել Մեծ Պահքին:
Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվում են բոլոր եկեղեցիների վարագույրները, որոնք բացվում են միայն Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին: Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է Ծաղկազարդի տոնին, Ավագ հինգշաբթի՝ ոտնլվայի արարողությանը, Ս. Գրիգոր Լուսավորչի՝ մուտն ի վիրապ տոնին, Տեառընդառաջի ու Ավետման տոներին, եթե վերջիններս հանդիպում են Մեծ Պահքի ընթացքում: Մինչև Ս. Հարության տոն Ավետարանն այլևս չեն համբուրում, ինչը խորհրդանշում է Ադամի ու Եվայի զրկվելը Կենաց Ծառի պտղից:
Այս տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, թատերական ներկայացումները, երգն ու պարը:
Մարիամ Խաչատրյան
qahana.am