Բուխարեստի Առաջնորդանիստ Տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցի առիթով

Այս տարի լրացավ հայկական «Ակօս» թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 11-րդ տարելիցը: Նա հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով ու հայրենասիրությամբ։ Այս օրերին ու շաբաթներին աշխարհի մի շարք երկրներում ու հայաշատ քաղաքներում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ ու բողոքի ակցիաներ, հոգեհանգստյան արարողություններ ու աղոթքներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, այս իրադարձություններին անմասն չէր նաև ռումինահայ համայնքը: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ հունվարի 28-ին Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, հավարտ որի տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ Հրանտ Դինքի հոգու խաղաղության ու հանգստության համար: Արարողությանը ներկա էին  Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տաթև Սրբազանն իբրև քարոզի բնաբան էր ընտրել ավետարանական այն խոսքը, որն ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում» (Մատթ. 10. 28): Սրբազանն իր քարոզում մեկ անգամ ևս ընդգծեց Հրանտ Դինք մտավորականի, լրագրողի և մարդու մեծությունն ու կատարած հսկայածավալ աշխատանքի կարևորությունը՝ մասնավորապես նշելով. « Ժամանակն ի զորու չէր ամոքելու կամ մոռացության մատնելու այն խոր վերքը, որը պատճառվել էր Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին, ընկերներին ու ամբողջ աշխարհասփյուռ հայությանը: Հրանտ Դինքի սպանությունը բացահայտ ոտնձգություն էր ընդդեմ ազատ խոսքի, ժողովրդավարության ու այն գաղափարների, որի կրողն էր մեծ մտավորականը: Իբրև ճշմարտության առաջամարտիկ, անտեսելով բոլոր տեսակի սպառնալիքներն ու ոտնձգությունները, Հրանտ Դինքը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը և մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշանություններին: Սակայն, ինչպես շուրջ 100 տարի առաջ, այնպես էլ այսօր, ժամանակակից Թուրքիայի իշխանություններն ընտրեցին խնդրի լուծման այլ ճանապարհ՝ սպանության, ոճրագործության և առաջավոր գաղափարներ կրող վառ անհատականությանը լռեցնելու հանցավոր ու անմարդկային ճանապարհը: Սակայն այս քաղաքական ու գաղափարական սպանությունը, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, լիովին հակառակ ազդեցություն ու էֆեկտ ունեցավ: Հրանտ Դինքը հարյուր հազարավոր գաղափարակիցներ ունեցավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի զանազան անկյուններում, այդ թվում նաև բազում թուրք գաղափարակիցներ, որոնք պայքարում են ավելի դեմոկրատ ու քաղաքակիրթ երկիր ունենալու երազի համար»:

Հոգեհանգստյան պաշտոնից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև, ուր խոսքով հանդես եկավ նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը՝ մասնավորապես նշելով. «Այսօր Հրանտ Դինք անունը ոչ միայն չի մոռացվել, այլ շարունակում է ուժ տալ իր գաղափարակիցներին ու հետևորդներին: Հրանտ Դինքն այն վառ անհատականություններից ու քաջամարտիկներից էր, որ պայքարում էր Հայոց ցեղասպանության ճանաչման, պատմական ճշմարտությունն աշխարհին հայտնի դարձնելու և արդարության հաստատման համար: Լինելով հայ՝ Հրանտ Դինքը չէր պայքարում միայն հայ ժողովրդի պահանջատիրության համար, այլ ընդհանրապես պայքարում էր ամեն տեսակ անարդարության ու ապօրինությունների դեմ, մարդու իրավունքների ոտնահարման ու զանազան բռնությունների դեմ՝ ցանկանալով իր ձայնը հասցնել ոչ միայն Թուրքիայում, այլ նաև նրա սահմաներից դուրս»:

Վերջում Առաջնորդն իր աղոթքով հանգստություն ու խաղաղություն հայցեց Հրանտ Դինքի անմահ հոգու համար, նաև Բարձրյալի օգնականությունն ու պահպանությունը՝ Հրանտ Դինքի ընտանիքի, հարազատների ու գաղափարակիցների անվտանգության ու խաղաղ ընթացքի համար:

Հոգեհանգստյան արարողություներ տեղի ունեցան նաև Կոնստանցայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև մյուս հայաշատ ծուխերում ու քաղաքներում:

Scroll Up