«Հայի տուն» մշակույթի և տուրիզմի կենտրոնը գրավում է զբոսաշրջիկներին ավանդական ծիսակատարություններով

Լոռու մարզի Սանահին գյուղում շուրջ մեկ տարի գործող «Հայի տուն» մշակույթի և տուրիզմի կենտրոնը մեծ հետաքրքրություն է առաջացրել զբոսաշրջիկների մոտ: «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի նախագահ, «Հայի տուն» մշակույթի և տուրիզմի կենտրոնի հիմնադիր Նադյա Անտոնյանի խոսքով` կենտրոնում Սանահինի երեխաները բեմադրում են հայկական հարսանիք և մի շարք ավանդական ծեսեր: Անտոնյանը նշեց, որ կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 21-ին, սակայն պիլոտային ծրագիրը ավելի վաղ է իրականացվել:
«Կենտրոն են այցելել բազմաթիվ երկրներից ժամանած զբոսաշրջիկներ, նրանք անչափ տպավորված էին կենտրոնով, ասելով, որ իրենք բացահայտեցին հոգևոր, մշակութային նոր Հայաստանը: Նրանք մեզ հետ հայկական պարեր են պարել, ծանոթացել և նույնիսկ մասնակցել ծիսակատարություններին, ինչպես նաև համտեսել մեր ավանդական կերակուրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Անտոնյանը:
«Երբ վերադարձա Սանահին, նկատեցի, որ գյուղում երեխաների մոտ ակտիվություն չկա: Մտածեցի, եթե ես ունեմ ներուժ և մանկավարժի փորձ, ինչո՞ւ չստեղծել նման կենտրոն: Ես և ամուսինս` Սոս Մարտիրոսյանը որոշեցինք մեր պապական տունը դարձնել զբոսաշրջության և մշակույթի կենտրոն»,- պատմելով կենտրոնի ստեղծման գաղափարի մասին՝ ասաց բանախոսը:
Նյութը պատրաստվել է «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: