Միջոցառում Ալֆորվիլի «Նուռ» վարժարանում

Ֆրանսիայի «Նուռ» վարժարանի Ալֆորվիլում գործող մասնաճյուղում տեղի ունեցավ Նոր տարվան և Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառում: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են վարժարանից, միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին քաղաքի հոգևոր հովիվ Տեր Տիրայր Քելեջյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչ Նադիա Դեգիրմենջյանը և Ջուլիեն Բուդան, Ֆրանսահայ կապույտ խաչից Սիլվա Սեմերջյանը:
«Նուռ» վարժարանի սաների մասնակցությամբ բեմադրվել էր «Եղևնու խորհուրդը և Հիսուս մանուկի ծնունդը», ինչպես նաև Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» «Չարի վերջը» ստեղծագործությունները: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև հայկական ժողովրդական պարեր, իսկ արևմտահայերեն և արևելահայերեն երգերով՝ դպրոցի սաները հրավիրեցին Ձմեռ պապին, որը իր նվերներով ոգևորեց փոքրիկներին: