Ամանորի տոնը «Հրանտ Դինք» վարժարանում

Ամանորյա գեղեցիկ ու անաղարտ հեքիաթը յուրովի երանգ էր ստացել «Հրանտ Դինք» վարժարանում։ Վարժարանի տնօրենուհի տիկին Հերիքնազ Ավագյանի շնորհավորական խոսքից հետո սկսվեց տարվա ամենահրավառ հանդեսը։ Մանուկների մաքուր երազներն ու տոնական տրամադրությունը, նրանց խինդն ու ծիծաղը, երգն ու պարը, ասմունքն ու խաղը, գույնզգույն ու փայլփլուն զգեստները, համեղ գաթայի բույրը տարածվել էին ամենուր։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիլիթ Պողոսյանը, մանկապարտեզից մինչև 5-րդ դասարանի աշակերտները մեծ պատասխանատվությամբ ներկայացրին իրենց հանդեսը՝ արժանանալով ծնողների և հարազատների բուռն ծափահարություններին։ Աշակերտները ընթերցեցին Ձմեռ պապիկին ուղղված իրենց նամակները: էդուարդը բարի պապիկից մեծ ու նոր դպրոց էր խնդրում, Արևիկը՝ քույր կամ եղբայր, մյուսները՝ խաղաղություն աշխարհի բոլոր մանուկների համար, այնուամենայնիվ գլխավոր փափագը հայրենիք վերադառնալն էր։

Ի՛նչ Ամանորի հանդես առանց նվերների։ Երեխաների կողմից սպասված նվերները չուշացան։ Հոգաբարձուներ տեր և տիկին Հորոզօղլուները, ինչպես նաև նրանց որդին՝ Կարոտը,  մեծ ոգևորությամբ աշակերտներին բաժանեցին ամանորյա նվերները։ Մինչ փոքրերը մեծ հետաքրքրությամբ զննում էին իրենց նվերները, իսկ ավագ դասարանների աշակերտները սկսել էին իրենց դիմակահանդեսը, անակնկալ հյուր եկան Կենտրոնական վարժարանի 10-րդ դասարանի սաները իրենց ուսուցիչների՝օրիրդ Լիզեթի և օրիորդ Թամարի առաջնորդությամբ։ Նրանք իրենց գեղեցիկ նվերներով կրկնապատկեցին երեխաների ուրախությունը։ Մանկապարտեզի սաներին սիրով ու մեծ հրճվանքով բաժանեցին  իրենց առած նվերները, զրուցեցին երեխաների հետ, նրանց ուրախությամբ ուրախացան։

Թող բարությունը թագավորի մեր սրտերում և Ամանորը սկսվի մեծ սրտից՝ դառնալով մեծ սեր, որը միմյանց հանդեպ կտածենք ոչ միայն Ամանորին, այլ՝ ամեն օր։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

 

Scroll Up