Նռնօրհնեքը Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցում     

 «Նռան պինդ կեղևը մեր հավատքի զորավոր վահանն է,

             որի վրա առկա է հավատքի թագը»։

              Գրիգոր Տաթևացի, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ

Տարեմուտի նախաշեմին Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին հնչեց  «Վասն Հանրապետության Հայաստան աշխարհի» մաղթանքը։ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը հայցեց, որ Հայր Աստվածն իր ամենազօր Աջով  խաղաղության ու բարօրության մեջ պահի ու պահպանի մեր երկիրն ու ժողովրդին, հորդորեց՝ աղոթել նաև Ուկրաինայի համար, որն օթևանել է կես միլիոն մեր հայրենակիցներին։

Գոհաբանական մաղթանքից հետո կատարվեց նռան օրհնության կարգ, վասնզի այն արդեն դարձել է գեղեցիկ խորհուրդ կրող ծիսական ավանդույթ և Գարեգին Բ.Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Տարեմուտի գիշերը ի կատար է ածվում հայոց բոլոր եկեղեցիներում։ Նռնօրհներքով է ավարտվում հին տարին և սկսվում նորը։

  Ինչպես մեկնաբանեց Տեր Հայրը, նուռը որպես անուշահամ բարիք, միշտ էլ հանդիսացել է հյուրասեր հայ օջախի սեղանի զարդը, սիրո ու հավատի զգացում առաջացրել մարդկանց հոգիներում։ Մեր ժողովուրդը   նռանը վերագրում է զանազան  բուժիչ հատկանիշներ։

«Թագակիր» միրգն իրավացիորեն համարվում է պտուղների արքան և իր տեսքով՝ գունային երանգներով, ձևով, հատիկների «ճարտարապետական» հետաքրքիր  կառուցվածքով պայմանավորված՝  դեռևս  վաղնջական ժամանակներից  շատ ազգերի մոտ հարուստ ու ընդգրկուն սիմվոլիկա ունի։ Հայկական ավանդության մեջ,  իբրև ազգային խորհրդանիշ, նուռը կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը:

«Քրիստոնեական խորհրդաբանությամբ՝ կարմիրը Քրիստոսի հեղած արյան գույնն է, որով մաքրագործվեց, քավություն տրվեց մեր մեղքերին, նռան հատիկները մենք ենք՝ քրիստոնյաներս,-շարունակեց հոգևոր Հայրը։ Իր ամբողջության մեջ նուռը հայ եկեղեցին է՝ իր բազմաթիվ հոտով։ Այդ է պատճառը, որ նռան խորհրդաբանությունը հնուց ի վեր  մեծ կիրառում ունի հայկական մշակույթի տարբեր ոլորտներում, եկեղեցական ճարտարապետական արվեստի ու մանրանկարչության մեջ»։

Հաճույքով ունկնդրելով քահանային՝ ակամայից հիշեցի բանաստեղծի տողերը.  

       Ժայռից վանք կերտում, քարից նուռ տաշում,

       Դարպասի աչքին հոնք-կամար քաշում

 Ծեսից հետո նա օրհնեց ներկաներին, կրկին շնորհավորեց Ամանորը, և օրհնված պտուղը բաժանվեց հավատավոր ժողովրդին։

Նարինե Մուրադյան, քաղաք Օդեսա

Scroll Up