Մոսկվայի հայկական եկեղեցում ցուցադրվել է արցախյան պատերազմի մասին պատմող «Միացում» ֆիլմը

Մոսկվայի Սուրբ պայծառակերպություն հայկական եկեղեցում ցուցադրվել է «Միացում» ֆիլմը, որը նվիրված է արցախյան ազատամարտի 25 և Գյուլիստանի պայմանագրի 200 ամյակներին: Ֆիլմը նկարահանել է HAYASA կենտրոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուս- հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդից (ՌՀԿԿԽ), ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել է ՌՀԿԿԽ-ն, որին աջակցել է Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմը:

«Միացում» ֆիլմը պատմում է արցախյան շարժման ճակատագրի, հայ ժողովրդի միասնականության և պատերազմի ընթացքում հայկական կամավորական ջոկատների հաղթական երթի մասին:
Նախագծի հեղինակն ու ֆիլմի պրոդյուսերը ռուսաստանաբնակ պատմաբան Տիգրան Մանասյանն է, իսկ ռեժիսորը՝ Սամվել Թադևոսյանը: Տիգրան Մանասյանը առանձնապես կարևորել է հայկական կամավորական ջոկատների դերն Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ: «Ոգու ուժը և այն բանի գիտակցությունը, որ հայերը պաշտպանում են իրենց հայրենիքը, սպիպել է
հակառակորդին փախչել՝ հետ չնայելով»,- նշել է Մանասյանը: Ֆիլմում արտացոլված են արցախահայության դարավոր ավանդույթները, պատմական պայքարը, ինչպես նաև արցախյան հակամարտության նախապատմությունը և թուրք զավթիչներից հայկական հողերի ազատագրումը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաև արցախյան պատերազմի վետերաններ, Ռուսաստանում ՀՀ դեսպանատան և ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ:

Ֆիլմի ցուցադրության պատվավոր հյուրերից էր ՀՀ Զինված ուժերի հիմնադիրներից, արցախյան պատերազմի հերոս, գեներալ- լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Գեներալը հանդիսատեսի հետ կիսվել է իր հիշողություններով և հայ ազատամարտիկի հաջողության գաղտնիքներով: «Մեր ուժը միասնության և համախմբվածության մեջ է»,- ասել է Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Մեծ թվով երիտասարդների ներկայությունը «Միացում» ֆիլմի ցուցադրությանը վկայում է իրենց հայրենիքի պատմությունն ուսումնասիրելու հարցում Մոսկվայի հայերի հետաքրքրության մասին: «Նրանք հասկանում են, որ արցախի ժողովրդի պայքարը դեռ չի վերջացել, և այն այժմ շարունակվում է դիվանագիտական հարթության մեջ: Եվ այդ պայքարը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Արցախը կդառնա ճանաչված պետություն, ինչին ձգտում է պաշտոնական Ստեփանակերտը՝ Երևանի և սփյուռքահայերի աջակցությամբ»,- ՌՀԿԿԽ-ի փոխանցմամբ` ասել է նա:
Ֆիլմի ցուցադրության ավարտին ներկա երիտասարդները մոտեցել են կազմակերպիչներին, շնորհակալություն և հույս հայտնել, որ նման ցուցադրությունները կդառնան ավանդական՝ հնարավորություն տալով իմանալ Մայր հայրենիքի և նրա որդիների սխրանքների մասին:

http://armenpress.am

Scroll Up