Հայկական պարերի երեկո Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում օրեր առաջ կայացավ «Լեռնապար» անվանումը կրող ավանդական պարերի երեկո։ Միջոցառման նպատակն էր պետերբուրգցիներին ծանոթացնել հայկական մշակույթին, պատմությանն ու արժեքներին և նպաստել միջմշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, տոնը նվիրված էր «Զարթոնք» պարային համույթի հինգ ամյակին։ Միջոցառման պատվավոր հյուրն էր «Կարին» ազգագրական պարերի և երգերի համույթի հիմնադիր և ղեկավար՝ Գագիկ Գինոսյանը, ով միջոցառման ընցաքում կատարեց սրերով պարը՝ որպես նվեր այն մատուցելով ներկաներին։ Ինչպես նաև, համերգին ներկա էին Պետերբուրգի հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը և միջմշակութային հարաբերությունների «Մշակույթների տան» գլխավոր մասնագետ Ելենա Ստրոմը, ովքեր իրենց ողջույնի խոսքն ու շնորհավորանքները հղեցին «Զարթոնք» համույթին և ներկաներին։
Մեզ հետ զրույցում «Զարթոնք» պարային համույթի ղեկավար Ավագ Գաբոյանը նշեց. «Սանկտ Պետերբուրգում նմանօրինակ մասշտաբային միջոցառումներ հաճախ չեն կազմակերպում, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք մեր հոբելյանը դարձնել առիթ և այն նշել այս կերպ։
Փորձեցինք ցույցտ տալ մեր մշակույթի ողջ էությունը: Կարծում եմ՝ մեր ջանքերն արդարավեցին։ Ես լսեցի գովասանքի և շնորհակալության խոսքեր՝ թե՛ մեր հայերնակիցներից, թե՛ այլազգի պետերբուրգաբնակ հյուրերից, ինչն անչափ ոգևորող և պարտավորեցնող է։ Հաճելի է տեսնել, որ նրանք բացահայտեցին մեր մշակույթն ու ազգային դիմագիծը յուրովի։
Իսկ մեր ավանդական պարերի վարպետության դասի ժամանակ բոլորս միասին, ծանոթ-անծանոթ, հայ ու այլազգի պարեցինք ուս-ուսի: Դա հենց այն պահն էր, երբ մարդիկ միավորվեցին՝ առանց ազգային և կրոնական պատկանելության, դա ներդաշնակություն էր, երբ բոլորը մեկ ամբողջություն էին ու համերաշխ։»
Համերգային մասը բաղկացած էր «Զարթոնք» համույթի կատարումներից, որն ուղեցվում էր «Կարին» ազգագրական համույթի գործիքային նվագակցությամբ, ինչպես նաև երեկոն իրենց կատարումներով զարդարում էին տաղանդավոր կատարողներ և տարբեր ստեղծագործական խմբեր։
Երեկոյի ընթացքում «Զարթոնքի» գործընկեր «Խատուտիկ» զարգացման կենտրոնն էլ միջոցառման ընթացքում անցկացրեց ստեղծագործական վարպետության դասեր և ակվագրիմ՝ փոքրիկ հյուրերի համար, դարձնելով նրանց ժամանցը հեքիաթային:
Միջոցառման ընթացքում ներկաները մասնակցեցին վիճակահանության և ստացան բազմաթիվ նվերներ՝ երեկոյի հովանավորների և գործընկերների կողմից։
«Լեռնապար» երեկոյի հյուրերը դարձան ավելի քան 350 մարդ, որոնց թվում էին Սանկտ Պետերբուրգի քաղաքական գործիչներ, մտավորականներ, ստեղծագործական խմբեր և պարզապես Պետերբուրգ քաղաքի մշակութասեր բնակիչներ։