Հովնան սրբազանի ծննդյան հոբելյանին ընդառաջ

«Հայերն այսօր»– Պատմության մեջ սերունդները կրթվել ու դաստիարակվել են պատկառելի մարդկանց օրինակով, որոնք եղել են բարձր առաքինությունների, հավատքի ու ազգասիրության կրողներն ու կերտողները։ Դարերի հեռավոր հոլովույթներում հիշարժան ու երանելի են համարվել այն ժամանակները, որոնց ընթացքում համեմատաբար շատ են եղել վառ անհատականություններ՝ հատկապես, եթե նրանք օժտված են եղել հոգևոր ու աստվածային կատարելությամբ։
Հայոց եկեղեցու լուսե երկնակամարի վրա «Ոսկե տառերով» են գրված Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի անունը, որի ծննդյան 60 -ամյա հոբելյանը լրանում է դեկտեմբերի 1-ին։
Գրել ու անրադառնալ Հովնան սրբազանին, կնշանակի վկայել քրիստոնեական և ազգային ծառայության մասին, ուր առաջնահերթությունը մշտապես եղել է հայրենիքն ու եկեղեցին, Աստծու փառքն ու մեր ժողովրդի հավերժությունը։
Սրբազան հայրն իր սպասվորության առաջին իսկ օրվանից եղել է «Քաջ հովիվ», որի պերճախոս քարոզները նոր լիցք ու եռանդ են հաղորդել հավատավոր հոտին։ «Կենաց Խոսքի» տարածմանը զուգահեռ՝ ծավալել է գրական գործունեություն՝ հարստացնելով եկեղեցական հոգեմտավոր անդաստանը։ Հարյուրից ավելի աստվածաբանական, պատմական, հուշագրական, կենսափիլիսոփայական, գրական, քարոզխոսական և այլ աշխատությունները երևան են հանում հեղինակի անհատնում սերը, մտավոր ներուժը ու անափ իմացությունը։
Չկա ազգային եկեղեցական կյանքին առնչվող մի բնագավառ, ուր Հովնան սրբազանն իր մասնակցությունը բերած չլինի։ Նա իր անգնահատելի ներդրումը և օգնության բաժինն է բերել հայրենիքին՝ սկսած Ղարաբաղյան շարժման օրերից մինչև քառօրյա պատերազմ, Սպիտակի ահավոր երկրաշարժից մինչև Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Իր օրհնությամբ ու նախաձեռնությամբ հայրենիքում ու սփյուռքում վեր են խոյացել շուրջ 30 եկեղեցի։ Ամենևին էլ պատահական չէ, որ նա արժանացել է ՀՀ առաջին երկու նախագահների շնորհակալագրերին, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի։ Հովվական առաքելությունն արժանապատվորեն իրականացնելու համար Հովնան արքեպիսկոպոսը քանիցս արժանացել է հայոց հայրապետների կոնդակների, օրհնության գրերի, ինչպես նաև օտար երկրների կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների պատվավոր կոչումների։
Հաշվի առնելով Հովնան սրբազանի կազմակերպչական բնատուր տաղանդը՝ նրան է վստահվել ղեկավարել մի շարք ազգային ու հոգևոր բացառիկ նշանակություն ունեցող կառույցներ, ինչպես Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների գրասենյակը, Հայ եկեղեցու երիտասարդական համաշխարհային կազմակերպությունը։ Մինչև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ լինելը, նա իր արդյունաշատ ավանդն է բերել Կանադահայոց թեմի առաջնորդի պաշտոնում։
Հարկ է նշել, որ Սրբազան հոր իրական գնահատությունը այն խորը հարգանքն ու ակնածանքն է, որ վայելում է հավատավոր ժողովրդի, համայնքի և հատկապես հայ եկեղեցասեր պատանիների կողմից։ Լուսավորչապսակ Թադեական Աթոռին ծառայելու անվերապահ պատրաստակամությամբ, իր բացառիկ աշխատասիրության, ինչպես նաև երիտասադրական մշտամնա ավյունով ու խանդավառությամբ, սրբազան հայրը բազմաթիվ հոգևորականների չափօրինակն է։ Վերջիններիս համար պատիվ ու երազանք է լինել Հովնան սրբազանի ձեռնասուն հոգեզավակը, ստանալ նրանից եկեղեցական աստիճաններ կամ արժանանալ «Հովնան» հոգևոր անունին։
Այս ամենով հանդերձ, հետաքրքիր է նաև սրբազանի մարդկային խառնվածքը՝ չափազանց համեստ ու խոնարհ, այլ խոսքով Քրիստոսի պատգամին հավատարիմ․ «Այնպէս լուսաւորեսցէ լոյս Ձեր առաջի մարդկան, որպէսզի տեսցեն զգործս Ձեր բարիս, եւ փառաւորեսցեն զՀայրն Ձեր որ յերկինս է»։ (Մատթ. 5:16)
Հովհաննես սարկավագ Գումրույան
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանի տնօրեն