Հայաստանը դարձել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի արժանացած տարածաշջանային առաջին երկիրը

Հայաստանը դարձել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի արժանացած տարածաշջանային առաջին երկիրը:
2017 թվականի նոյեմբերի 20–ից 24-ը Մոնրեալում կայացել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի տասնմեկերորդ եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների քսանիններորդ հանդիպումը:
ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ այս երկու միջազգային համաձայնագրերը թերեւս ամենահաջողվածներն են, քանի որ վավերացված են ՄԱԿ-ում գրացնված բոլոր 197 երկրների կողմից: Միջազգային հանրության միահամուռ ջանքերի շնորհիվ ողջ աշխարհում արդեն հաջողվել է կրճատել օզոնաքայքայիչ նյութերի շուրջ 99%: Կայացած հանդիպումն առանձնահատուկ էր նրանով, որ այս տարի նշվում է Մոնրեալի արձանագրության 30-րդ ամյակը: Շատ խորհրդանշական է, որ հենց այդ հանդիպման ընթացքում պաշտոնապես հայտարարվեց, որ արձանագրության ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոֆտորածխածիններ կարգավորող Կիգալիի ուղղումն արդեն վավերացվել է 21 երկրների կողմից, ինչն անհրաժեշտ էր ուղղումն ուժի մեջ մտնելու համար:
Հանդիպման 4-րդ օրը տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան՝ նվիրված Մոնրեալի արձանագրության 30 տարվա ձեռքբերումներին եւ ապագա ծրագրերին: Կլոր սեղանին մասնակցել են Կանադայի, Էստոնիայի, Գվատեմալայի, Մալդիվների, Ռուանդայի եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ՝ նախարարների կամ նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլհայմը: Կլոր սեղանի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանում Մոնրեալի արձանագրության իրականացմանը նպաստող կարեւորագույն նվաճումները, արձանագրության իրականցումից քաղված դասերը եւ դրանք այլ բնապահպանական խնդիրների լուծման համար կիրառելու հնարավորությունները, ինչպես նաեւ օզոնային շերտի ուսումնասիրությունների կայունությունն ապահովելու հնարավոր ուղիները ու Մոնրեալի արձանագրության իրականացման հաջորդ քայլերը:
Հանդիպման առաջին օրվա ավարտին տեղի է ունեցել Մոնրեալի արձանագրության 30-րդ ամյակին նվիրված Օզոնի հանդիսավոր մրցանակաբաշխությունը 8 անվանակարգերով: Հայաստանի Հանրապետության Օզոնի ազգային կենտրոնը «Կրեատիվ աշխատանք երիտասարդների հետ» անվանակարգում արժանացավ «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի` դառնալով որեւէ մրցանակի արժանացած Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի միակ երկիրը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ընտրվել է Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների 11-րդ հանդիպման համանախագահ:
Հանդիպման ընթացքում տեղի էր ունեցել Ուզբեկիստանի ՄԱԶԾ գրասենյակի կողմից կազմակերպված կլիմայի փոփոխությանը եւ օզոնային շերտի պահպանությանը նվիրված միջազգային լուսանկարչական մրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Լուսինե Թորոսյանի լուսանկարը «Օզոնային շերտի պահպանություն» անվանակարգում արժանացել է առաջին պատվավոր տեղին: Այսուհետ Լուսինեի աշխատանքը կախված է լինոլու Մոնրեալի արձանագրության իրականացման համար ստեղծված Բազմակողմանի հիմնադրամի գործադիր քարտուղար Էդուարդո Գանեմի աշխատասենյակում: