Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն ոչ թե բախումներն են վնաս հասցրել, այլ` գողերը

Թուրքական Tigris Haber.com կայքն անդրադարձել է Դիարբեքիրում` Սուրի շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն:

Մերձավոր Արևելքի հայկական ամենամեծ եկեղեցու ավերածությունների վերաբերյալ իր գնահատականներն է տվել Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու ղեկավար խորհրդի անդամ Գաֆֆուր Թուրքայը: Նա մասնավորապես նշել է, որ եկեղեցին ավերվել է ոչ այնքան Սուրի բախումների ժամանակ, որքան դրանից հետո` գողերի ձեռքով: Չնայած այն թաղամասում, որտեղ գտնվում է եկեղեցին, դեռ չի հանվել պարեկային դրությունը, և միայն համապատասխան մարմիններից թույլատվություն ունենալու դեպքում է հնարավոր այնտեղ գնալ, այնուամենայնիվ գողերին հաջողվում է ավերել եկեղեցին:

Եկեղեցու` շարունակվող քանդումների հարցով նրանք տարբեր պաշտոնյաների են դիմել: Վերջիններս նշել են, որ եկեղեցին կվերանորոգվի 2017 թ. ընթացքում, սակայն արդեն տարին մոտենում է ավարտին, իսկ վերականգնմանն ուղղված որևէ քայլ դեռ չի կատարվել: Հայտնի չէ, թե այդ աշխատանքները երբ են սկսվելու: Այս պարագայում ավելի մտահոգիչ է ոչ թե այն հարցը, թե երբ կսկսվեն աշխատանքերը, այլ այն, որ մինչև վերակառուցման աշխատանքերը սկսելը եկեղեցին ավելի շատ կարող է վնասվել: Հետևաբար անհրաժեշտ է, որ եկեղեցու պահպանության համար հատուկ միջոցառումներ ձեռք առնվեն: Խնդրի շուրջ բանակցությունները շարունակվում են: Դրաբեքիրի վաքըֆների շրջանային տնօրեն Մեթին Էվսենն էլ նշել է, եկեղեցու սեփականության իրավունքը իրենց ձեռքում չէ: Նա նշել է նաև, որ վերականգնամն աշխատանքներ կատարվելու են, բայց դեռ հայտնի չէ` երբ: Ոստիկանությանն էլ հատուկ զգուշացվել է, որ միջոցառումներ ձեռնարկվեն մարդկանց կողմից եկեղեցուն հասցվող վնասերը կանխարգելելու ուղղությամբ:

Akunq.net

Scroll Up