ՀՀ ԶՈՒ-ն ձեռք է բերել «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ

Վերջին մեկ տարում առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը համալրվել են ժամանակակից միջոցներով, այդ թվում «Իգլա-Ս» կամ «Իգլա-Սուպեր» նոր սերնդի դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակով:

Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է Զինված ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը: «Լրահամալրումը զգալի է: Այն ապահովում է կրակի բավականին մեծ խտություն: Նաեւ այս միջոցի շնորհիվ է ստեղծվել ամուր հակաուղղաթիռային համակարգ: «Իգլա-Ս»-ը լավագույնն է իր դասի մեջ: Այն տարբերակում է զանազան տիպի խանգարումները, մարտական գլխիկը բավականին զգայուն է եւ կարող է  հայտնաբերել նաեւ փոքր ջերմության աղբյուր հանդիսացող անօդաչու թռչող սարքերը»,- ասաց նա:

Արթուր Պողոսյանի խոսքով, «Իգլա-Ս»-ն օժտված է հրթիռի մեծ հեռահարությամբ եւ թիրախի խոցման մեծ հեռավորությամբ, զգալի է նաև հրթիռի մարտական մասի զանգվածը, ինչի շնորհիվ բարձր է թիրախի ամբողջական ոչնչացման հավանականությունը:

«Մեր ձեռք բերած «Իգլա-Ս» համալիրները նոր են, եւ երկար տարիներ որեւէ խնդիր չենք ունենա: «Իգլա-Ս» համալիրների մեր ջոկերը ապահովված են շարժական հնարավորություններով` մեքենաներով, հետախուզության, կապի առանձին միջոցներով: Այսինքն պատրաստ են խնդիրը լուծելու ցանկացած՝ անգամ գիշերային պայմաններում, քանի որ համալրված են «Մաուգլի» նշանոցով»,-նշեց գնդապետ Պողոսյանը:

Scroll Up