Տյումենում մեծացել է հայերեն սովորել ցանկացողների թիվը. տեսանյութ

2017-18 ուսումնական տարին ՌԴ Տյումենի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնի համար սկսվեց բավականին ուրախալի իրադարձություններով:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կենտրոնից, սեպտեմբերին հայտարարվել էր նոր ուսումնական տարվա ընդունելություն: Արձագանքողների թիվը գերազանցել է սպասելիքները. մշակույթի կենտրոնում սովորելու ցանկություն են հայտնել ավելի քան 80 հայ մանուկ, պատանի և աղջիկ: Ուրախալի է, որ ավելացել է հայերեն սովորել ցանկացող երիտասարդների թիվը: Եթե մինչ այս կենտրոն էին հաճախում հիմնականում կրտսեր տարիքի դպրոցականներ՝ ծնողների ուղեկցությամբ, ապա այսօր մշակույթի կենտրոնի սաների մեկ երրորդ մասը կազմում են դեռահասներ և երիտասարդներ:
Մշակույթի կենտրոնի ղեկավարությունը 2017-18 ուս. տարվա առաջին մանկավարժական խորհրդի նիստում աշխատակազմի հետ միասին որոշում է ընդունել ուսումնական դասաժամում ավելացնել անգլերեն լեզվի ուսուցումը, շարունակելով և կարևորելով, սակայն, հայագիտական առարկաների պարտադիր ուսուցումը:
Կենտրոնում գործում է 9 խումբ՝ նախաատրաստականից մինչև ավագ: Տարիքային սահմանափակում չկա. ամենափոքրիկը 5 տարեկան է, իսկ ամենամեծ սանը՝ 55: