Զապել Եսայանն աշխարհի ամենաանվախ կանանցից մեկն է. Refinery29
20-րդ դարասկզբի լրագրող, բանաստեղծ և գրող Զապել Եսայանը ճանաչվել է աշխարհի ամենաանվախ 5 կանանցից մեկն ամերիկյան Refinery29-ի պորտալի վարկածով:
Ըստ պարբերականի, «Եսայանը մի կնոջ անթերի օրինակ է, որն ապրել է այն ժամանակներում, երբ շատ վտանգավոր էր ցույց տալ իր խելքն ու ուժը»:
2017-ի մարտին Զապել Եսայանի անունով անվանակոչվեց Փարիզի փողոցներից մեկը, գրում է Sputnik Արմենիան:
Զապել Եսայանն իր ժամանակների ամենակրթված հայուհիներից է եղել: Նա ծնվել է 1878-ին Կոստանդնուպոլսում: Սկզբնական կրթությունը ստանալով Սկյուտարի Սբ Խաչի դպրոցում՝ նա տեղափոխվել է Փարիզ և շարունակել ուսումը Սորբոնի համալսարանում:
1900-ին նա ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի հետ և 2 երեխա ունեցել: 1908-ին նա վերադարձել է Կ.Պոլիս՝ դառնալով հայերի հանդեպ թուրքական իշխանությունների բռնությունների ականատեսը: Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին Եսայանը մեկնել է Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում:
1915-ին խույս տալով ձերբակալությունից՝ ապաստանել է Բուլղարիայում, ապա Թիֆլիսում, ցեղասպանության մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։ 1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորեալ» (1919) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ։
1933-ին Եսայանը հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ: 1936-ին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։